Հայաստանի եւ Արցախի անվտանգային համակարգը միասնական է, մենք ոչ թե համագործակցում ենք, այլ չենք կարող իրարից անջատ ինչ-որ բաներ տեսնել...

Հայաստանի եւ Արցախի անվտանգային համակարգը միասնական է, մենք ոչ թե համագործակցում ենք, այլ չենք կարող իրարից անջատ ինչ-որ բաներ տեսնել: Այս մասին, այսօր՝ նայեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին, թե արդյոք քննիչ հանձնաժողով են հրավիրվել նաեւ Արցախի ներկայացուցիչներ, այդ թվում բանակի, Քոչարյանը պատասխանեց. «Դուք այդ մասին կիմանաք, երբ հանձնաժողովը որոշի ձեզ տեղեկացնել թե ում է հրավիրել, իսկ թե ինչու ենք հրավիրել, դա վերաբերում է ապրիլյան պատերազմի դեպքերին»:

Նա անդրադարձավ նաեւ նրան, որ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր զինվորական տեսուչի պաշտոնից, նա ասաց. «Մովսես Հակոբյանը եղել է մեր լեգենդար հրամանատարներից մեկի շտաբի պետը՝ Մարտունու պաշտպանական շրջանի, որի հրամանատարը եղել է Մոնթե Մելքոնյանը: Այլ բան, թե ինչ արեցին մեր զինվորականների հետ հետագայում իշխանությունները, որոնք բացարձակ իրավունք չունեին բանակը ներքաշել այլ խնդիրների մեջ: Նաեւ չպետք է մոռանալ, թե զինվորականության շրջանակներում ինչպիսի վնաս հասցրեցին բանակն օգտագործելով ոչ նպատակային: Այլեւս նման բան չի լինելու, որի դասը «Մարտի 1»-ն էր»:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաեւ «Մարտի »-ի գործին՝ նշելով. «Մենք տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից ամեն ինչ արվում է, որ դատաքննությունը չսկսվի: Հետո տարբեր կայքար հարց են բարձրացնում, թե ինչու չի սկսվում դատաքննությունը: Հարցրեք իր փաստաբաններին, թե ինչու չեն թողնում, որ սկսվի դատաքննությունը: Այս անընդհատ տեղապտույտը խափանման միջոցը փոխելու շուրջ, ամեն ինչ արվում է, որ դատաքննությունը մեկ օր էլ հետաձգեն, երկու օր էլ, մեկ շաբաթ: Թե ինչ են սպասում, միայն ենթադրել կարելի է: Բայց բոլոր հարցերի պատասխանները միայն դատաքննության միջոցով հասարակությունը կարող է ստանալ:

Առավոտից երեկո ասում են՝ էդ տեղ գործ չկա, ջուր է, բա թողեք սկսի, տեսնենք այդ ջուրը ուր է հոսում: Ջրի հոսքը կանգնեցրել եք, շեղել եք, սառեցրել եք, ու հիմա մեղադրում եք: Բա էդ 70 հատորի մեջ ի՞նչ է, դատարկ թղթե՞ր են: Դրա համար Քոչարյանի պաշտպանական թիմի խնդիրն է ամեն ինչ անել, որ դատաքննությունը չսկսվի»: