Հայաստանը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր չի ստորագրել, բայց նրանք գործընկերության մասին շատ հավակնոտ համաձայնագիր ունեն։ Այս մասին New Eastern Europe-ի հարցազրույցում ասել է Շվեդիայի ԱԳՆ-ում «Արեւելյան գործընկերության» գործերով դեսպան Աննա Վեսթերհոլմը։

Նրա խոսքով՝ Հայաստանում նոր ղեկավարություն է, որն առաջադրել է հավակնոտ օրակարգ փոփոխությունների, արժեքների եւ դեմոկրատիայի տեսակետից, եւ դա պետք է ընդունել։

Պատասխանելով հնարավո՞ր է արդյոք Հայաստանի ակտիվ մասնակցությունը «Արեւելյան գործընկերությունում»՝ լինելով միաժամանակ ԵՏՄ անդամ Ռուսաստանի գլխավորությամբ, Վեսթերհոլմն ասել է, որ ոչ մի հակասություն չի տեսնում։ «Ինչը նրանք իրոք չեն կարող ունենալ՝ դա ազատ առեւտրի մասին համաձայնագիրն է, բայց դա չի վերաբերում դեմոկրատացմանը, ուժեղ հասարակությանը՝ օրենքի գերակայությամբ եւ թվային օրակարգով»,- ավելացրել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ը քննարկում է անվտանգության հարցերն անդամ պետությունների հետ՝ «ընդունելով անվտանգության հարցերի կարեւորությունը, բայց նաեւ անհրաժեշտ է խոստովանել, որ «Արեւելյան գործընկերությունը» համագործակցության ծրագիր չէ  անվտանգության ոլորտում, եւ մենք չունենք անվտանգության կոշտ գործիքանի»։

«Մենք ավելի շուտ պետք է անվտանգությունը դիտարկենք ավելի լայն տեսանկյունից։ Որպեսզի բացատրենք այն, թե ինչ ենք հասկանում անվտանգություն ասելով, բացի պաշտպանության մասին ավանդական բանավեճից. անվտանգությունը նաեւ խաղաղ, կայուն եւ արդար հասարակությունն է»,- ասել է նա։

Դիվանագետն ավելացրել է, որ կոռուպցիան նույնպես ազգային անվտանգության հսկայական սպառնալիք է։ «Եվ իհարկե, մենք մասնակցում ենք Անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության առաքելություններում։ Բայց ես չեմ տեսնում, որ «Արեւելյան գործընկերությունը» շարժվի հակամարտությունների լուծման ուղղությամբ։ Դա մեր մանդատը չէ»,- նշել է նա։