Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ Իրանի ծանր ջրի պահուստները գերազանցել են 130 տոննա սահմանափակումը, որը նախատեսված է Թեհրանի միջուկային ծրագրի հարցով Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«2019թ․ նոյեմբերի 16-ին Իրանը գործակալությանը տեղեկացրել է, որ ծանր ջրի իր պահուստը գերազանցել է 130 տոննան։ 2019թ․ նոյեմբերի 17-ին գործակալությունը համոզվել է, որ ծանր ջրի արտադրության գործարանը աշխատում է, ու որ Իրանի ծանր ջրի պահուստը կազմում է 131,5 տոննա»,- մասնակից երկրների համար ԱԷՄԳ-ի զեկույցից քաղվածք է ներկայացնում Reuters-ը։

Հունիսին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին հայտարարել էր, որ ծանր ջրի կուտակված ծավալները կարող են գերազանցել 130 տոննան երկուսուկես ամսվա ընթացքում։

Իրանի միջուկային գործարքի ապագան հարցականի տակ է դրվել 2018թ․ մայիսի 8-ին դրանից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի հանդեպ Վաշինգտոնի կողմից նավթի արտահանման պատժամիջոցների սահմանումից հետո։ Իրանական կողմի վարկածով՝ մնացած մասնակիցները, նախեւառաջ՝ եվրոպացիները, լիարժեք չեն կատարում համաձայնագրի տնտեսական մասով սահմանված իրենց պարտավորությունները, այդ պատճառով գործարքն իր այժմյան տեսքով իմաստ չունի։

Նոյեմբերի 9-ին Իրանը սկսել էր գազ մղել «Ֆորդո» օբյեկտում ցենտրիֆուգների մեջ, ինչը փաստացի միջուկային գործարքի շրջանակներում իր կողմից ստանձնած պարտավորությունների կրճատման չորրորդ փուլի սկիզբ էր նշանակում։ Շուտով ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության նախագահ Ալի Նասիմֆարը հայտարարել էր, որ Թեհրանը մտադիր է շարունակել յուրաքանչյուր 60 օրը մեկ կրճատել միջուկային համաձայնագրով իր պարտավորությունների կրճատումը, քանի դեռ պայմանագրի մյուս մասնակիցները դրա պահպանման համար գործնական քայլեր չեն նախաձեռնել։