Ռուսաստանցի Եվգենի Գլուշչենկոն, որին սահմանն անօրինական հատելու փորձի ժամանակ հրազենից վիրավորել էր ԱՄՆ սահմանապահ եւ մաքսային վերահսկողության  ծառայության աշխատակիցը, ռուսական դիվանագետների հետ շփվելու ցանկություն չի ցուցաբերում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին։

«Մենք կարող ենք այցելել ռուսական քաղաքացիներին այն դեպքում, եթե նրանք նման ցանկություն են հայտնել,- նշել է նա,- Տվյալ դեպքում նման խնդրանք չի եղել»։

Աղբյուրի խոսքերով, ռուսաստանցու հետ, որը գտնվում է Գուդիեր քաղաքի (Արիզոնա նահանգ) հիվանդանոցում, փերձել են կապվել հեռախոսով։ «Ոստիկանը նրան է մոտեցրել հեռախոսափողը, սակայն նա (Գլուշչենկոն) ընդհատել է խոսակցությունը»,- պարզաբանել է դիվանագետը։

Անցյալ ուրբաթ ԱՄՆ սահմանապահ եւ մաքսային վերահսկողության ծառայությունը տեղեկացրել էր, թե իրենց աշխատակիցը կրակել է ՌԴ քաղաքացու վրա, որը փորձել է անօրինական հատել ամերիկա-մեքսիկական սահմանը։ Ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ ռուսաստանցու վիճակը գնահատվում է բավարար եւ չի վատանում։

Գլուշչենկոն նախկինում Արիզոնայում արդեն կալանավորվել էր։ Նահանգի իշխանությունների տվյալներով, նա 2018թ․ սեպտեմբերից գտնվելիս է եղել Արիզոնայի հարավում նախնական կալանքի կենտրոնում։ Ամերիկյան կողմը հայտնում է, որ նա կալանավորվել է հղի կնոջ հետ Մեքսիկայից Ամերիկա ներթափանցելու փորձի համար։