ԿԳՄՍ նախարարի հետ քննարկումն այնուամենայնիվ շահավետ էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը։ Նշենք, որ այսօր ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսները հանդիպել են նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Հայոց լեզվի ամբիոնի վարիչը մնում է այն կարծիքին, որ «Հայոց լեզվի» դասավանդումը պետք է իրավունքի ուժով ամրագրվի նոր օրենքում այնքան ժամանակ, մինչեւ կրթության ոլորտում կլինի բավարար չափով համակարգված հանրակրթություն։

«Աշխատանքային նախագծի վերաբերյալ մեր դիտարկումներն ու առաջարկությունները որոշ չափով հաշվի են առնվել, դա վերաբերում է իրավական կառավարման համակարգին։ Նախատեսվում է դեկանների ընտրություն, դա կարող է հույս ներշնչել, որ ձեւավորվող ակադեմիական խորհուրդն իր քննարկումներում ավելի օբյեկտիվ կլինի «Հայոց լեզվի» կամ «Հայ ժողովրդի պատմության» պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հարցում»։

Յուրի Ավետիսյանն ընդգծեց, որ հանրակրթության ոլորտում կան լուրջ խնդիրներ, որոնք առավել առաջնահերթ են. «Պետք է կարգի բերենք մեր ավագ դպրոցը։ Չեմ ասում, որ լրիվ կազմաքանդված վիճակ է, շատ դրական արդյունքներ ունենք նաեւ հանրակրթության մեջ, բաց միեւնույն է, կարծում եմ՝ ավագ դպրոցն իր դերակատարությունը չի իրականացնում։ Այսօրվա կրթության խանգարիչը այդ 2 առարկաները չեն»։

NEWS.am-ի հետ զրույցում Ժամանակակից Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռիտա Սաղաթելյանն ասաց, որ դժգոհ է ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումից.

«Մեր հնչեցրած հարցերի մեծ մասին նախարարն հակադարձեց իր հարցով՝ «այն ժամանակ ինչո՞ւ չէիք բարձրաձայնում»։ Եթե այն ժամանակ համակարգն այնպիսին էր, որ մենք իսկապես չէինք բարձրաձայնում, ուրեմն հիմա իրավունք չունե՞նք որեւիցե հարց բարձրաձայնելու։ Իմ հնչեցրած հարցերը նախարարը քաղաքականացրեց, սլաքն ուղղվեց դեպի ՀՅԴ, հանրության ուշադրությունը նորից շեղվեց, որպեսզի քննարկվող հարցի բուն էությունն այդպես էլ չպարզաբանվի։ Նախարարի պատասխանները չգոհացրին։ Նախարարի պատասխաններից չհասկացա, որ նա դասախոսների կարծիքը հաշվի առավ»։

Ուսանող Գեւորգ Գյուլումյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարը քննարկումը քաղաքականացնում էր, սակայն իրենց պահանջը այլ է եղել.

«Դա ի՞նչ պահվածք էր։ Ներկա գտնվողներն ավելի շատ գիտական կյանքի տեւողություն ունեն, քան Արայիկ Հարությունյանը՝ կյանքի տեւողությունն է։ Այդ ինչպե՞ս էր խոսում պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ակադեմիկոս մարդն իրեն բան է ասում՝ հեգնում է։ Խոսում է կուլտուրայից, ուսանողների լեքսիկոնից է բողոքում, ինքն իրեն կողքից տեսե՞լ է, դա ի՞նչ շնորհք է։ Աշոտ Մելքոնյանի հետ, Ռիտա Սաղաթելյանի հետ, գրիչով մարդկանց ցույց տալը, հեգնելը...  Ասում է՝ քաղաքականացնում եք, բայց ամենաքաղաքականացնողն ինքն էր։ Ամեն ինչ տարավ քաղաքականություն, ինչ ասացինք, ասում էր՝ բա նախկին ռեժիմի ժամանակ որտե՞ղ էիք, լավ բա դուք որտե՞ղ էիք, ինչո՞ւ նախարար չէիք»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեկ շաբաթից ավելի է, ինչ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից եւ շարունակում են նախորդ շաբաթ սկսած դասադուլը։ ՀՅԴ երիտասարդները նստացույց են կազմակերպել նախարարության շենքի դիմաց:

Հիշեցնենք, որ ԵՊՀ 58 դասախոս մեկ օրով խորհրդանշական գործադուլ էին հայտարարել նախօրեին՝ այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով նոյեմբերի 6-ից դասադուլի մեջ գտնվող՝ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողներին: Նրանք բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից, որով նախատեսվում է, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում: