Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 19-ին շարունակում է իր հերթական նիստերը, որոնք սկսվել են դեռեւս մեկ շաբաթ առաջ: Նախորդ շաբաթվա ընթացքում խորհրդարանը չհասցրեք քննարկել օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը:

2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները ընդմիջվել են առնվազն 4 օրով, որպեսզի պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները կարողանան ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

Նախօրեին ԱԺ-ն քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հարցը:

Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ներկայացված են  Կառավարության, ՀՀ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների եւ Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած թեկնածուները:

Կառավարությունն այդ պաշտոնում առաջարկել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Էդգար Շաթիրյանի, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Արամայիս Փաշինյանի թենկածությունը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների գաղտնի ընտրությունները տեղի են ունենալու այսօր՝ ժամը 12:00-13:00-ը:

Հիշեցնենք, որ այս քառօրյայի օրակարգում ընդգրկված է 36 հարց: