ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Իսպանիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, նոյեմբերի 18-ին Մադրիդում ունեցավ հանդիպում իսպանացի գործընկերների հետ։

ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաեւ ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը, Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը եւ հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արտակ Ավետիսյանը։

Իսպանական պատվիրակության կազմում էին Իսպանիայի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Խուան Դուարտե Կուադրադոն, օտարերկրացիների հարցերով գլխավոր վարչության տնօրենի տեղակալ Ռոսարիո Բեռնալ Գարսիան, վերջինիս խորհրդական Սերխիո Կրսնիկը, միգրացիոն հարցերի գրասենյակի փոխտնօրեն Մանուել էրնանդես Գամայոն, ներքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների, ներգաղթի եւ օտարերկրացիների հարցերով գլխավոր վարչության փոխտնօրեն Մանուել Ալամա Օրենեսը եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

Երկու կողմերն էլ բարձր գնահատեցին սույն հանդիպման ձեւաչափը եւ դրա արդյունավետությունը։ Բովանդակային քննարկումներ ծավալվեցին ՄԱԱԵ մեկնարկի շուրջ՝ դրա տարբեր բաղադրիչների մանրամասն ներկայացմամբ։

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդգծեց ՄԱԱԵ մեկնարկի համար նախապայման հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման եւ Հետընդունման մասին համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման փաստը։ Նա ներկայացրեց նաեւ ընդհանուր միտումները հարկադիր վերադարձի ոլորտում, թվերի դինամիկան վերջին տարիների կտրվածքով։

Իսպանացի գործընկերներն աջակցություն հայտնեցին ոլորտի բարեփոխումների ուղղությամբ հայկական կողմից գործադրվող ջանքերին: