ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են լրացումներ կատարել ՀՀ աշխատանքային օենսգրքում, որով նախատեսվում է, որ գործատուն կարգապահական տույժ կիրառելուց առաջ պարտավոր է գրավոր պահանջել աշխատողի բացատրությունը:

Օրենքի նախագիծը ներկայացնող ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ գործող օրենքի համաձայն գործատուն կարգապահական տույժ կիրառելուց առաջ պարտավոր է աշխատողից պահանջել գրավոր բացատրություն. «Չի նշվում, թե ինչ եղանակով է պահանջում, այսինքն՝ այն կարող է լինել ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր: Չարաշահելով սա՝ որոշ գործատուներ գրավոր բացատրություն չեն պահանջում, նույնիսկ բանավոր երբեմն չեն պահանջում՝ ուղղակի աշխատողին հեռացնելով աշխատանքից»:

ԲՀԿ-ն պատգամավորը հայտարարեց, թե ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով արձանագրված է, որ առանց գրավոր համարվում է Աշխատանքային օրենսդրության խախտում: ԲՀԿ-ն առաջարկում է պարտավորեցնել գործատուին գրավոր պահանջել աշխատողի բացատրությունը: Դա հետագայում կօգնի նաեւ դատավարական պրոցեսին, եթե աշխատողը դիմի դատարան իրեն աշխատանքից հեռացնելու համար:

ԲՀԿ խմբակցւթյան պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ գործատուն ցանկացած դեպքում կարող է ազատվել իր աշխատակցից, ի՞նչ տարբերություն բացատրությունը գրավոր է, թե բանավոր:

Սերգեյ Բագրատյանը օրինակ բերեց՝ նշելով. «Ասենք, աշխատակիցը չի կատարում այն աշխատանքը, որին կոչված է: Գործատուն ասում է՝ բացատրություն տուր, աշխատակիցը գրավոր բացատրություն է տալիս, որ՝ ուշացել եմ լավ եմ արել: Հիմա այդ բացատրությունից ի՞նչ է հետեւում, մեկ է՝ աշխատանքից ազատելու է: Դուրս է գալիս այն պատմությունը, որ ասում է՝ ամուսնությանը սեւ հագնե՞մ, թե՞ սպիտակ, պատասխանում են՝ ինչ էլ հագնես, արդյունքում նույնն է ստացվելու: Հիմա, եթե պետք է գործից ազատի՝ ի՞նչ տարբերություն գրավոր գրես, թե բանավոր ասես»:

Գեւորգ Պետրոսյանն էլ արձագանքեց, որ նախագիծը նպատակ ունի ապահովելու աշխատողի լսված լինելու իրավունքը. «Հիմա ես էլի անցնեմ իմ պատկերավոր համեմատություններին, հա ասեցի նորմալ խոսեմ: Օրինակ աշխատողը գալիս է, գործատուն կարող է ասել՝ քո հայացքն ինձ դուր չի գալիս կամ կեցվածքդ կասկածելի է, աչքերիդ մեջ դավաճանություն եմ տեսնում: Աշխատողը լսված լինելու իրավունք պետք է ունենա, նա պետք է խոսի: Եթե դատարանում քննարկման առարկա է լինում աշխատողից բացատրություն ուզելու փաստը, կողմերից որեւէ մեկը չի կարողանում ապացուցել, որ նման բան եղել է, եթե այն գրավոր չի եղել: Այս նախագծի իմաստն այն է, որ գործատուն գրավոր պահանջի, որպեսզի հեռագայում կասկածներ չլինեն»:

Նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ գլխադասային հանձնաժողովում, այն բոլոր պատգամավորների սրտով է եւ ինչպես ասաց իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ «Գեւորգ Պետրոսյանը վերջապես մի նորմալ նախագիծ է ներկայացրել»: