ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը եւս դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին միջնորդություն է ներկայացրել:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին նմանատիպ միջնորդություն են ներկայացրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները:

Փաստաբան Մեջլումյանի խոսքով՝ մարտի 1-ի իրադարձությունների մասին գլխավոր գործում շատ ցուցմունքներ կան, որոնք վկայում են այն մասին, որ մարտի 1-ին զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Այդ նյութերը կարող են ապացույց լինել հօգուտ ամբաստանյալների: Իր ժամանակին Մեջլումյանը միջնորդել է առանձին վարույթ այդ նյութերի փոխանցման մասին: Քննիչը մերժել է համապատասխան միջնորդությունը, իսկ դատախազը, ինչպես կարծում է փաստաբանը, վավերացնելով գործը, այդպիսով թաքցնում է ապացույցները:

Փաստաբանը նաեւ հարց ուղղեց, թե ինչպես կարող էր մեկ տարի անց ընդունված 300.1 հոդվածը տարածվել մինչ դրա ընդունումը կատարված արարքի վրա: «Օրենքը հետադարձ ո՞ւժ է ստացել»,- հետաքրքրվեց փաստաբանը:

Նրան միացան այլ փաստաբաններ: «Մեղադրող կողմը խեղաթյուրում է իրականությունը: Եթե հիմնավոր ապացույցներ կան, եւ դրանք կցված չեն գործին, դա խախտում է, եւ նման դատախազը դատարանում անելիք չունի: Դա վտանգավոր է արդարադատության համար: Եվ մենք չգիտենք՝ դեռ ինչ նյութեր կան, որտեղ են դրանք եւ ինչ նշանակություն կարող էին ունենալ գործընթացում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Տուժող կողմերը հանդես են եկել միջնորդության դեմ: