ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիերն ու Ադամ Շիֆը նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին եւ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերին, որում պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը կոչ են անում պահպանել Ադրբեջանին եւ Հայաստանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը: Այս մասին Facebook-ում գրել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:

«Անկասկած, Ադրբեջանին անվտանգության ոլորտում հատկացվող օգնության մեծացումը անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում եւ անտեսում է ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ քսանամյա նախադեպը»,- նշել են կոնգրեսականները՝ հավելելով, որ դա միակ միջոցն է, որով ԱՄՆ-ը կարող է պահպանել տարածաշրջանային գերտերության հեղինակությունը, որն ունակ է միավորելու Ադրբեջանին եւ Հայաստանին:

«Պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը կոչ ենք անում Հայաստանին տրամադրել ուսուցում եւ սարքավորումներ՝ գործընկերային ներուժը մեծացնելու համար: Դա կօգնի անվտանգ դարձնել սահմաններն ու ռազմական հավասարություն ստեղծել»,- նշվում է նամակում:

Նշենք, որ սա Կոնգրեսի անդամների արդեն երկրորդ նամակն է, որում ԱՄՆ վարչակազմին կոչ է արվում պահպանել Ադրբեջանին եւ Հայաստանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը: