«Օազիս» սրճարանում տեղի ունեցածի վերաբերյալ լուրերը զրպարտանք են, ես ոչ մի բանի ներկա չեմ եղել, ոչ մի քրեական գործ այդ հարցերում չի առաջացել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երբ ինքը հայտարարեց, որ իր քաղաքապետ եղած ժամանակ Գյումրին ամենա ոչ կրիմինալ քաղաքն է եղել, մամուլում սկսեցին հիշեցնել այն կրիմինալ դեպքերը, որոնք կապ են ունեցել իր, իր որդու եւ հարազատների հետ:

Մասնավորապես, խոսքը «Դուետ» սրճարանում տեղի ունեցած սպանության, «Օազիս» սրձանարում Վարդան Ղուկասյանի կողմից օդ կրակելու մասին է:

«Դուետ» սրճարանի տիրոջ հորեղբոր տղան իմ փեսան է: Էդքանից հետո ոնց կարող է նմանատիպ բան լինել: Մահացածը իր հորեղբոր տղան է: Այդ ամբողջ ընտանիքն իմ հարազատությունն է: Մյուսը, որ էն տղան նռնակից մահացավ, բերիք նորից կապեցիք իմ վրա: Հիմա եթե ես ասեմ՝ դուք բռնաբարություն եք արել, մարդ եք սպանել, ինչքա՞ն կարելի է սուտ բաներ ասել: Եթե ես ձեզ ամեն անգամ դատի չեմ տալիս, պետք է ամեն ինչ բերեք մեզ կապե՞ք»,-ասաց նա:

Նշենք, որ ժամանակին մամուլում գրվեց, որ 2005-ի մայիսի 5-ին Գյումրիի «Դուետ» սրճարանում տեղի էր ունեցել սպանություն, և տարածվեցին տեղեկություններ, թե դրա հետ առնչություն ունի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը: Սակայն այս գործով 14 օր անց ձերբակալվեց «Պիշ» մականունով Արա Մրյանը։

Նույն թվականի ամռանը Ղուկասյանի եղբորը պատկանող «Օազիս» սրճարանում վեճ էր ծագել հայերի և ռուսական զորամասի սպաների միջև, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երկու անգամ օդ էր կրակել: Քրեական գործ չէր հարուցվել:

2007-ի մայիսի 20-ին օրը ցերեկով փոխհրաձգություն էր տեղի ունեցել Ղուկասյանի որդու՝ Սպարտակի անմիջական մասնակցությամբ։ Տարածվել էր նաև դեպքի տեսանյութը Դրա արդյունքում 74-ամյա Համասփյուռ Մնացականյանը ձեռքից վնասվածք էր ստացել։