9:1 հաշվով պարտությունը որեւէ բացատրություն կամ  արդարացում չունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը:

«Ինչ տեղի է ունենում ՀՖՖ-ում վերջին շրջանում, մեզ համար անընդունելի է: Մենք գործկոմի փակ նիստում այս մասով մեր դիրքորոշումը հայտնել ենք: Մասնավորապես, կոպիտ խախտումով փորձում էին մարզիչ նշանակել առանց գործկոմի ներգրավման: Նաեւ պայմանավորված խաղերի հետ կապված բացահայտումները ԱԱԾ-ում, որի հետ կապված վերջին 1,5 տարում որեւէ արձագանք չի եղել ՀՖՖ-ում: Նաեւ յուրացումներ են բացահայտվել ոստիկանության 6-րդ վարչության կողմից ֆուտբոլային ակադեմիաների կառուցման մասով, այստեղ եւս որեւէ քայլ չի եղել այս 1,5 տարում»,-ասաց Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու գործկոմն ամեն դեպքում կողմ քվեարկեց Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը, Արեն Մկրտչյանը հայտարարեց, որ խախտվել էին բոլոր հնարավոր ու անհնար ժամկետները. «Մենք ունեինք մեկ օր, որպեսզի հավաքականն ունենա մարզիչ ու անկախ նրանից, թե ով էր թեկնածուն, հանուն ֆուտբոլի պետք էր կողմ քվեարկել, հակառակ դեպքում հավաքականը չէր ձեւավորվի: Այդ դեպքում՝ թիմը թե Հունաստանի խաղում, թե Իտալիայի հետ խաղում խաղադաշտ չէր դուրս գալու եւ ստանալու էինք երկու տեխնիկական պարտություն»:

Հարցին, թե ո՞վ է մեղավոր 9-1 հաշվով խայտառակ պարտության համար, պատգամավորը պատասխանեց. «Բնականաբար, թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է, բայց մենք ունենք իրավիճակ, երբ Աբրահամ Խաշմանյանը ընդամենը 2-րդ խաղն է, որ գլխավորում է հավաքականը: Մեղավոր են բոլորը, իսկ թիվ մեկ պատասխանատուն ՀՖՖ նախագահն է: Պետք է 9-1 հաշվով պարտությանը տան բացատրություն: Սա գործկոմի անդամների կարծիքն է»:

Ամեն դեպքում ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջ օրակարգում դեռ չկա, երբ լինի, կտեղեկացնեն: