Նախատեսվում է Հայաստանում մինչեւ 2024 թվականը կառուցել 300-ից մինչեւ 400 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայաններ, որոնք կապահովեն երկրի պահանջի 10 տոկոսը: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ այսօր վերականգնվող էներգետիկայի ոլորտն ավելի հասանելի է դառնում, եւ Հայաստանի Կառավարությունը համապատասխան քաղաքականություն է վարում, ինչը դրսեւորվել է «Մասրիկ-1» 55 ՄՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայանի կառուցման նախագծի իրականացման մեջ, որի ֆինանսական արդյունքների ամփոփումը կիրականացվի մինչեւ դեկտեմբերի 16-ը, որից հետո մրցույթում շահած ընկերությունը կայանը կկառուցի 2 տարում:

«Բացի «Մասրիկ-1»-ից նախատեսվում է եւս 5 արեւային էլեկտրակայանների կառուցում՝ 120 ՄՎտ ընդհանուր հզորությամբ:  Համապատասխան հետազոտությունների անցկացումից հետո կհայտարարվի միջազգային մրցույթ: Դրանցից ամենամեծ կայանը կլինի Թալինում՝ ընդհանուր մինչեւ 75 ՄՎտ հզորությամբ: 2018 թվականի կեսին կառուցվել է 9 արեւային էլեկտրակայան՝ մինչեւ 1 ՄՎտ հզորությամբ: Կառուցման փուլում են եւս 25 կայաններ՝ մինչեւ 5 ՄՎտ հզորությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀԾԿՀ-ն վերջին տարում ընդհանուր 200 ՄՎտ հզորությամբ արեւային կայանների կառուցման լիցենզիա է տրամադրել, եւ ընդհանուր 105 ՄՎտ հզորությամբ կայանները հիմա կառուցման փուլում են:

Վարդանյանը պարզաբանեց, որ 1990-ական թվականներից Հայաստանում սկսել է մշակվել օրենսդրական բազա փոքր ՀԷԿ-երի կառուցման համար, եւ այսօր երկրում դրանք 186-ն են՝ 280 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ «Բացի այդ, կառուցման փուլում են եւս 35 փոքր ՀԷԿ-եր՝ 60 ՄՎտ ընդհանուր հզորությամբ»,- ավելացրեց փոխնախարարը։

Անդրադառնալով «Հայաստանի էլեկտրացանցեր» ներդրումային ծրագրին՝ պաշտոնյան պարզաբանեց, որ այն հաշվարկված է 2018-2027 թվականների արդիականացման համար՝ 700 մլն դոլար գումարով, եւ կապված չէ վերականգնվող էներգիայի ռեսուրսների հետ։

Նշենք, որ «Մասրիկ-1» կայանի հզորությունը թույլ կտա ամեն տարի արտադրել մինչեւ 120 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Ներդրումների ակնկալվող գումարը կազմում է մոտ 50 մլն դոլար։