Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանից պահանջել է դահլիճում պահպանել կոռեկտ մթնոլորտը:

Փաստաբանը հայտարարեց, որ մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ են հնչել: «Դատարանը պարտավոր է այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի նման երեւույթն անհնար լինի: Ինչպես դա կանի դատարանը՝ իր գործն է: Սակայն մենք պետք է վստահ լինենք, որ դահլիճում մեր հասցեին վիրավորանք չի հնչի: Եթե դա անհնար է, ապա պետք է մտածել՝ արդյոք արժե մտնել այս դատարան, թե՝ ոչ: Իմ ֆրանսիացի գործընկերը, չգիտեմ, թե ինչու զարմացավ, հնարավոր է, նա պարզապես չհասկացավ, որ սա դատ է: Նա պարզապես չի տեսել նման բան դատարանում»,- ասաց փաստաբանը:

«Արդեն իմ անունից եմ ասում: Ես պետք է վստահ լինեմ, որ վիրավորական արտահայտություններ չեն լինի: Մարդու արժանապատվությունը բարձրագույն արժեք է: Մնացած ամեն ինչ ածանցյալ է: Եթե ես վստահ չլինեմ, որ ինձ չեն վիրավորի, հնարավոր է, որ այլեւս ի վիճակի չլինեմ այս դատարան մտնել»,- նշեց նա: