ՄԱԿ-ում Իրանին կոչ են արել հրաժարվել հանրահավաքները ցրելու համար զենքի կիրառումից եւ վերականգնել ինտերնետ հասանելիությունը: Այս մասին հայտարարել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի պաշտոնական ներկայացուցիչ Ռուփերթ Քոլվիլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Իրանի մի շարք քաղաքներում վերջին օրերին ցույցեր են անցկացվել ընդդեմ բենզինի գների բարձրացման: Ցույցերի մի մասը խաղաղ բնույթ են կրել, իսկ որոշները անկարգությունների են վերածվել:

«Մեզ մտահոգում է Իրանում ուժի կիրառմամբ միջազգային նորմերի եւ ստանդարտների խախտման, հանրահավաքները ցրելու համար զենքի կիրառման վերաբերյալ հաղորդագրությունները: Հատկապես մտահոգիչ է այն, որ զենքի կիրառումը հանգեցրել է մարդկանց մահվան»,- ասել է Քոլվիլը:

Իրանական ԶԼՄ-ների հայտնել են ցույցերի ընթացքում մեկ ցուցարարի եւ երեք իրավապահի մահվան մասին: Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ճանաչում են խաղաղ ցույցերի եւ մտքի արտահայտման քաղաքացիների իրավունքը եւ քաղաքական ուժերի հետ համագործակցության հույս ունեն: Նրանք զգուշացրել են, որ իրավիճակից կարող են «օգտվել» օտարերկրյա ուժերը: