Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության վերջնաժամկետը տեղափոխվել է մինչեւ 2021-ի դեկտեմբերի 31-ը: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է 2006-ին, սակայն մինչեւ 2017-ի օգոստոսն արվել է աշխատանքի միայն 5%-ը, իսկ ակտիվ փուլը սկսվել է 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին: «Անհրաժեշտ է կառուցել գրեթե 270 կմ երկարությամբ գիծ»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հարցին՝ Վարդանյանը նշեց, որ վերջերս միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ գրանցվել է 4,5-6,5 ցենտ գին, որով իրանական կողմը պատրաստ է գազը փոխանակել էլեկտրաէներգիայով: «Այժմ ներդրողներ են փնտրվում: Խնդիրն այն է, որ կան տեղեկություններ Թուրքիայի կողմից Արաքս գետի ափին խոշոր ջրամբարներ կառուցելու մասին: Եվ դա մտահոգություն է առաջացնում ջրի որակի հնարավոր կտրուկ փոփոխության առթիվ»,- նշեց նա:

Անդրադառնալով 50 ՄՎտ հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացման թեմային՝ փոխնախարարը հիշեցրեց, որ 10 տարի առաջ իրանական «МАТНА» ընկերության հետ հուշագիր է ստորագրվել, սակայն դրանից հետո ընկերությունն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել, եւ այժմ բանակցություններ են ընթանում այլ ներդրողների հետ: «Եթե մենք մեզ համար ընդունելի սակագնով առաջարկ ստանանք, ապա ՀԾԿՀ-ն լիցենզիա կտրամադրի, իսկ եթե ոչ, ապա կսպասենք: Ենթադրվում է, որ կայանը կկառուցվի Գեղարքունքի մարզում Գավառի մոտակայքում»,- եզրափակեց Հակոբ Վարդանյանը:

Նշենք, որ սկզբնապես էլեկտրահաղորդման գծի կառուցումը պետք է ավարտվեր 2018-ին, սակայն դրանից հետո ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2020-ը: 400 կՎ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 107 մլն եվրո: Ակնկալվում է, որ այն 3 անգամ կընդլայնի միջանցքը Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանցման համար: