Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, որը դարերի պատմություն ունի եւ ակտիվորեն զարգացել է պետականության բացակայության կամ նրա թուլության շրջանում, պետք է սկսել կրթական հաստատություններից, այլ ոչ թե միայն իրավական ակտերի ընդունումից։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, քրեական ենթամշակույթի քրեականացման մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, նոյեմբերի 19-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նրա խոսքով, եթե նման մշակույթը ցուցադրում են հեռուստատեսությամբ, ֆիլմերում կամ սերիալներում, որոնք գովաբանում են այդ ենթամշակույթը, ապա նոր օրենքների ընդունումը ոչ մի կերպ թույլ չի տա կանխել երիտասարդության մեջ կյանքի այդ կերպի մասին որոշակի ռոմանտիկ պատկերացման ձեւավորումը։ «Իսկ այս օրենքը դառնում է  կատալիզատոր եւ նպաստում է հասարակությունում նման կենսակերպի հետագա զարգացմանը»,- պարզաբանել է Սիմոնյանը՝ կոչ անելով գործընկերներին չառաջնորդվել հույզերով, այլ ելնել բացառապես իրավական պրոֆեսիոնալ տեսակետից։

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց պատգամավորը, «Լուսավոր Հայաստանը» դեմ չէ նման ենթամշակույթի դեմ պայքարին, բայց կարծում է, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունում կան բացեր եւ անճշտություններ, որոնք վերանայման, իսկ օրենսդրական փաթեթը՝ կրկնակի վերանայման կարիք ունեն։