Ռուսաստանցի հայտնի լրագրող եւ գրող Վլադիմիր Պոզներն արտահայտվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին։

Պատասխանելով իր Instagram-ում հայ օգտատիրոջ հարցին՝ Պոզներն ասել է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի ընդունման մեջ այժմ քաղաքական ենթատեքստ կա, գրում է «Познерonline»-ը։

«Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց 1915-ի կոտորածը որպես ցեղասպանություն։ Ինչո՞ւ միայն հիմա։ Դե որովհետեւ, ահավոր բարկացել են Թուրքիայի նախագահ Էրդողանի վրա այն բանի համար, որ նա՝ (1) Ռուսաստանից գնել է հակաօդային Ս-400-ներ եւ (2) ռազմական հարված է հասցրել քրդերին Սիրիայի հյուսիսում։ Այս ամենը քաղաքական խաղեր է, իրականում նրանց այդ ամբողջ պատմությունը բոլորովին հետաքրքիր չէ»,- գրել է Պոզները։

Վլադիմիր Պոզները նաեւ ավելացրել է, որ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի արգելափակումը նույնպես տեղավորվում է քաղաքական խաղի տրամաբանությունում։

«Իբր, տվեցինք Թուրքիայի քթին, ու հերիք է, ավելին պետք չէ»,- նշել է հեռուստավարը։