Թրամփի հետ անձնական հարաբերությունների օգուտը հասկանալի է Թուրքիայի նախագահի դեպքում, սակայն ԱՄՆ նախագահն ինքն էլ պատճառներ ունի Էրդողանի հետ հարաբերությունները պահպանելու համար: Այս մասին Foreign Policy-ում հրապարակված իր հոդվածում նշում է վերլուծաբան Սթիվեն Քուկը:

«Նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Սպիտակ տանն ընդունեց մի քանի շաբաթ առաջ, իսկ ես դեռեւս փորձում եմ հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ այդ հանդիպումը»,- նշում է նա:

Նրա խոսքով՝ չնայած հարցերի կուտակմանը, ներառյալ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին եւ Անկարայի դեմ պատժամիջոցների աջակցությանը Սիրիա ներխուժելու պատճառով, այդ հանդիպումը բոլոր մասնակիցների համար հիասթափություն էր:

Նա նշում է, որ հանդիպման արդյունքում Թրամփն ապահովեց թուրքական ծագմամբ ամերիկացի գիտնական Սերքան Գյոլգեի ազատումը, իսկ Էրդողանն իր հերթին ստացավ ԱՄՆ աջակցությունը Սիրիայում քաղաքականության հարցում եւ հասավ Թրամփի խոսքին այն մասին, որ Թուրքիան պայքարում է ահաբեկչության դեմ: «Սիրիայի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության ամերիկյան լիակատար աջակցությունը, հնարավոր է, ինքնին արժեր Էրդողանի այցին, բայց նա նաեւ պարտավորություն ստացավ հանրապետական 5 սենատորներից, որոնք Թուրքիայի նախագահին եւ Թրամփին էին միացել Օվալաձեւ աշխատասենյակում, որ Սենատը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նույն երեկոյան սենատոր Գրեհեմը՝ հերթագայությամբ Թուրքիայի պաշտպանը եւ քննադատը, հնազանդորեն արգելափակեց օրենսդրական նախաձեռնության քննարկումը»,- նշում է Քուկը:

Էրդողանը, սակայն, չկարողացավ որեւէ բանի հասնել ռուսական Ս-400 համակարգերի հարցում, ինչպես նաեւ առաջընթաց չունեցավ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցում: «Մի խոսքով՝ քիչ բան փոխվեց. S-400-ը, F-35-ը եւ Գյուլենը շարունակում են բաժանել այս 2 երկրներին, իսկ Թրամփն աջակցում է Սիրիա Թուրքիայի ներխուժմանը: Ինչո՞վ է սա տարբերվում նոյեմբերի 12-ի՝ հանդիպումից մեկ օր առաջ եղած իրավիճակից: Ոչ մի բանով, համենայնդեպս՝ ըստ էության»,- կարծում է հեղինակը:

Քուկը գրում է, որ որոշ վերլուծաբաններ մատնանշում են Թուրքիայի նախագահի ազդեցությունը Թրամփի վրա։ Համաձայն որոշ լուրերի՝ Էրդողանի հանդեպ Թրամփի հարգանքի դրսեւորումը կապված է Թուրքիայում նրա գործարար շահերի հետ։ Մյուսները կասկածում են, թե նախագահը համոզվել է, որ Թուրքիան կարող է օգնություն ցուցաբերել Իրանի հարցում։ «Բայց երբեմն ամենալավ պատճառն ընկած է մակերեսին։ Թրամփին սպառնում են իմփիչմենթը եւ վերընտրությունը։ Նա հանդես է եկել Մերձավոր Արեւելքից դուրս գալու օգտին։ Էրդողանի ներխուժումը Սիրիա փաստացի ազատել է ԱՄՆ-ին պատասխանատվությունից Սիրիայի հյուսիս-արեւելքում։ Դա Թրամփի քաղաքական հաղթանակն է, որը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները եւ ԱՄՆ միաժամանակյա վերատեղակայումը վերջ են դրել, այսպես կոչված, «հավերժական պատերազմներին՝ խնդիր, որն այդքան տարածված է նաեւ նրանց շրջանում, ովքեր բնավ նախագահի հիմնական կողմնակիցները չեն։ Միայն այս մեկն արդեն արժե, որպեսզի իր բարեկամ Էրդողանին ընդունի Սպիտակ տանը»,- ամփոփել է նա։