Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Ապագան սկսվում է այսօր» խորագրով համահայկական ուսանողական ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ գալիք տարի Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի:

Անդրադառնալով այդ հանդիպմանը՝ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ուսանողներին ուղղված իր ելույթում հիմնական շեշտը դրել է համահայկականության գաղափարի վրա:

«Մեր հավաքական կամքի, ուժի, գիտելիքի ներդաշնակեցումը իրապես կապահովի այն արդյունքը, որը տիպական կդառնա ապագայի տեսլականի համար: Եթե մեր ազգային օրակարգի առաջնահերթ մարտահրավերներից է օտար ափերում հայկական ինքնության պահպանումն ու ուծացման վտանգի դեմ պայքարը, լուծումը, կարծում եմ, մեկն է՝ հզորացնել հայկական գործոնը, որը պետք է խարսխված լինի մեր ամուր եւ զարգացած պետականության վրա: Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սփյուռքահայ ուսանող Էդգար Դեհբաշյանը հարց ուղղեց՝ ինչպե՞ս է պետք դրանց իրագործման մեխանիզմներն ավելի արդյունավետ դարձնել:

Առաջարկեցի թեորիաների փոխարեն գործանականում մեր փոքրիկ քայլն անել ու գալիք տարի Արցախում ուսանողական մեծ ճամբար կազմակերպել, որին կմասնակցեն 100 սփյուռքահայ, ինչպես նաեւ Երեւանի, մարզերի եւ Արցախի բուհերում սովորող եւս 300 ուսանողներ: Առաջարկս ոգեւորությամբ ընդունվեց մասնակիցների կողմից, իսկ սփյուռքահայ ուսանողների հավաքագրման հարցում Էդգարը խոստացավ իր կարեւոր ներդրումն ունենալ»,- նշել է Ա. Հարությունյանը:

Նա կարեւորել է նաեւ սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին Արցախի զարգացման գործում ներգրավման ակտիվացումը՝ պարզաբանելով, որ նախկինում բազմիցս անհատական օրինակներ ունեցել են, բայց այն կազմակերպված աշխատանքի չի վերածվել: