Հնէաբաններն ուսումնասիրել եւ նկարագրել են գիտությանը նախկինում անհայտ բնաջնջված մոտ 91 մլն տարեկան ծովային գիշատչի տեսակ, որի նույնականացումը հաջողվել է ԱՄՆ տարածքում հայտնաբերված քարացած ատամներով, փոխանցում է RG-ն: 

Հետազոտությունը հրապարակման են պատրաստում Journal of Vertebrate Paleontology գիտական ամսագրում, իսկ հակիրճ ներկայացվել է Phys.org պորտալում: Խոսքը պեղածո շնաձկան մասին է, որի քարացած մնացորդները հայտնաբերվել էին դեռեւս 2010 թվականին Կանզաս նահանգի ռանչոներից մեկում:

Այդ ժամանակ հետազոտողների տրամադրության տակ էր հայտնվել քարացած մնացորդների մի ամբողջ հավաքածո, որը ներառում էր 134 ատամ, 61 ող եւ աճառների ու թեփուկների 23 հատվածներ: Գիտնականները նախապես ենթադրել էին, որ ոչ ամբողջական եւ գլխատված կմախքը պատկանում է Cretodus crassidens անհայտ տեսակի ներկայացուցչի՝ բնաջնջված շնաձկան, որն առաջին անգամ հայտնաբերվել է Անգլիայում, այնուհետեւ հանդիպել է նաեւ Հյուսիսային Ամերիկայի տարածքում:

Սակայն մանրակրկիտ հետազոտությունը ցույց է տվել, որ գտնված ոչ մի ատամը չէր համապատասխանում Cretodus crassidens-ի ներկայացուցիչներին հատուկ ատամների ձեւին: Հետազոտությունը ցույց է տվել, որ ծովային այս հրեշը նախկինում գիտությանն անհայտ էր:

Նոր տեսակն անվանել են Cretodus houghtonorum: Այն անմիջապես մտցվել է դինոզավրերի դարաշրջանի առավել խոշոր կենդանիների ցուցակի մեջ: Ողերի վերլուծությունը թույլ է տվել հաշվել, որ այս հնագույն շնաձկների մարմնի երկարությունը անցել է 5 մետրից, իսկ դրանցից ամենախոշորները հասել են մինչեւ 7 մետրի:

Ընդ որում՝ Cretodus houghtonorum-ները բավականին խոշոր էին ծնվում: Հետազոտության հեղինակների գնահատմամբ՝ ծնվելիս դրանց մարմի երկարությունը կազմում էր մոտ 1,2 մետր: Այս էակներն ապրել են 144-ից մինչեւ 66 մլն տարի առաջ:

Գտնված քարացուկի տարիքը գնահատված է մոտ 91 մլն տարեկան: Հետազոտողների կարծիքով՝ սա բավականին դանդաղաշարժ շնաձուկ էր: Այն պատկանել է Lamniformes խմբին, որը ներառում է ժամանակակից մեծ սպիտակ եւ վագրային շնաձկներին:

Ի դեպ, պեղումներ կատարելիս գտնվել են մի քանի քարացած ատամներ եւ լողակի 2 քարացած հատվածներ, որոնք պատկանել են հիբոդոնտոակերպ ջոկատից կռճիկավոր ձկներին: Սա մատնացույց է անում այն, որ Cretodus houghtonorum գիշատիչները որսացել են ավելի մանր շնաձկներին եւ նրանց մերձավոր ազգականներին: