Իտալական ոստիկանությունը բացահայտել է չարամիտների խոշոր ցանց, որոնք անօրինական հնագիտական պեղումներ են կատարել երկրի հարավում՝ Կալաբրիայում։ Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Սերբիայում կատարվել է 80 խուզարկություն, ընդունվել է 23 խափանման միջոց, տեղեկացրել է Հռոմում Կարաբիներների կորպուսը։ Գործողությունն իրականացվել է Եվրոպոլի եւ Եվրաարդարադատության եվրոպական գերատեսչությունների հետ համատեղ, տեղեկացնում է DW-ն։

Իր հերթին, Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին տեղեկացրել է Կալաբրիայից Հյուսիսային Իտալիա եւ արտասահման անօրինական հայտնաբերված գտածոների ուղարկման դեմ պայքարի գործողության հաջող ավարտի մասին։ Եվրոպոլի եւ Եվրաարդարադատության տվյալներով՝ առգրավվել է մոտ 10 հազար հնագիտական իր, ինչպես նաեւ նյութեր, որոնք օգտագործվել են անօրինական պեղումների համար։

Իտալական La Repubblica թերթի տվյալներով՝ կալանավորվել է 23 մարդ։ Ավազակախմբի պարագլուխներ են համարվում 59 եւ 30 տարեկան երկու տղամարդ Կրոտոնե նահանգից։ Ինչպես ենթադրվում է, երկար տարիներ նրանք ղեկավարել են հնագիտական իրերի որոնումները եւ պեղումները, որոնք կատարվել են այդ թվում նաեւ էքսկավատորների եւ մետաղորսիչների օգնությամբ։ Այդկերպ սեւ շուկայում է հայտնվել հնամենի սկուտեղների, լամպերի, արձանիկների, դրամների եւ զարդերի մեծ մասը։ Միայն առգրավված առարկաների արժեքը գնահատվում է երկու մլն եվրո։

Reuters-ի տվյալներով՝ մաքսանենգների կողմից թալանված հնագիտական հուշարձանների թվում են մ.թ.ա. V-IV դարերի բնակավայրեր։ Կարաբիներները հետեւել են ավազակախմբին 2017-ի մայիսից՝ օգտագործելով դրոններ, ինչպես նաեւ գաղտնալսումներ եւ տեսահսկողություն։

Իր հերթին, Բավարիայի քրեական գործերի երկրային գերատեսչությունը տեղեկացրել է Մյունխենում գործողության մասին, որի ընթացքում առգրավվել են հնագույն մետաղադրամներ։ Խուզարկություններն իրականացվել են 31-ամյա իտալուհու եւ նրա 37-ամյա եղբոր օֆիսներում եւ տներում, նշվում է այնուհետեւ։