Ինտերնետն Իրանում առաջիկայում կվերականգնվի։ Այս մասին ասել է Իրանի կապի նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին։ Նա քննադատել է ամերիկյան բարձրաստիճան դիվանագետի արտահայտությունները ինտերնետի անջատման վերաբերյալ՝ ասելով, որ նրա հավաստիացումները, թե ԱՄՆ-ը կարող է իրանցիներին անվճար ու անսահմանափակ ինտերնետ տրամադրել, մաքուր երկերեսանիություն են, տեղեկացնում է Press TV-ն։

Նրա խոսքով՝ արժե, որ ԱՄՆ-ը մտածի կենսականորեն կարեւոր դեղորայքի անսահմանափակ մուտքի մասին իրանցի պացիենտներին, ովքեր տառապում են քաղցկեղով, այլ ոչ թե Իրանում ինտերնետի մասին հոգալով։

Կիրակի օրը Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Ալեն Գրենելն ասել էր, որ իր կառավարությունն ունի Իրանում արգելափակման ցանկացած փորձից ազատ ինտերնետի ապահովման տեխնիկական հնարավորություններ։ Ազարին այս հայտարարությունը կեղծիք է անվանել։

«Շուտով ինտերնետը կվերականգնվի»,- ասել է Ազարին՝ խոստանալով, որ Իրանում ինտերնետը կմնա ԱՄՆ կառավարության «բռնաճնշումային» քաղաքականության մերկացման պլատֆորմ:

Նրա խոսքով՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը շուտով թույլ կտա ինտերնետ ծառայության վերականգնումը մի քանի օր տեւած խափանումներից հետո, որոնք առաջացել էին բենզինի գների բարձրացման պատճառով անկարգությունների հետեւանքով:

Անցած շաբաթ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը կարգադրել էր անջատել առցանց ծառայությունները՝ մեկ օր հետո այն բանից, երբ կառավարությունը հայտարարել էր բենզինի նոր գների մասին, ինչը ամբողջ երկրում բողոքի ցույցերի ալիք էր առաջացրել:

Ազարին ասել է, որ այս գործով անձամբ է զբաղվում՝ ընդունելով, որ անջատումը մարդկանց եւ կառավարության համար «բազմաթիվ խնդիրներ» է առաջացրել: