Յուրաքանչյուր նման որոշումից հետո ամրապնդվում է այն կարծիքը, որ այս գործընթացը որեւէ կապ չունի արդարադատության հետ, եւ դատավորը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ մեկնաբանելով դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին միջնորդության մերժումը:

Խոսելով այլ միջնորդությունների մասին՝ փաստաբանը նշեց, որ դրանք կան նաեւ այլ փաստաբանների մոտ: Խուդոյանը նշեց, որ դատավորի բացարկի համար հիմքեր կան, սակայն այդ հարցը դեռեւս քննարկվում է: «Կանխակալ վերաբերմունք է ցուցաբերվում ոչ միայն դատավորի, այլ նաեւ մեղադրող կողմի կողմից»,- հայտարարեց փաստաբանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է դատավորը պատճառաբանել իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը բավարարելու մերժումը, փաստաբանը նշեց, որ միջնորդության իրենց փաստարկները ոտքից գլուխ շրջվել են: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության վրա ճնշմանը, Խուդոյանը նշեց, որ իրենք արդեն կես տարի ճնշման տակ են, սակայն մտադիր չեն նվազեցնել աշխատանքի տեմպերը, այլ, հակառակը, կգործեն օրենքով նախատեսված բոլոր միջոցների շրջանակում: