Աֆղանստանի նախագահն ասել է, թե երկրի անվտանգության ուժերը վերացրել են «Իսլամական պետության» գրոհայիններին, տեղեկացնում է Reuters-ը։

Վերջին շաբաթների ընթացքում ԻՊ ավելի քան 600 գրոհային իրենց ընտանիքների հետ միասին հանձնվել են Աֆղանստանի կառավարությանը։ Պաշտոնյաներն ասում են, որ աֆղանական եւ կոալիցիոն ուժերի օդային հարվածները, միջոցների անբավարարությունը եւ ցածր բարոյական ոգին ստիպել են ահաբեկիչներին հանձնվել։

«Մեկ տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ այսօր մենք կասենք, որ երկրի երեսից ջնջել ենք ԻՊ-ը»,- ասել է նախագահ Աշրաֆ Գանին ավագանուն եւ պաշտոնական անձանց  Ջալալ Աբադում՝ Նանգարհար արեւելյան նահանգի գլխավոր քաղաքում, որտեղ վերջին տարիներին տեղի է ունեցել ինքնասպան ահաբեկիչների հարձակումների ալիք։ «Այժմ, երբ ԻՊ գրոհայինները հանձնվել են, ես խնդրում եմ իշխանություններին մարդասիրաբար վերաբերվել նրանց ընտանիքներին»,- ավելացրել է Գանին։

Կառավարությունը հայտարարում է, որ գրոհայինների կազմում կան օտարերկրացիներ Պակիստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Իրանից, Ադրբեջանից, Ղազախստանից եւ Մալդիվյան կղզիներից։