Ես Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում երբեք չեմ բախվել այդ հարցի հետ։ Մեր հարաբերություններում եւ բանակցություններում երբեք չեմ լսել այդ մասին մեր ռուսաստանցի գործընկերների կողմից։

Այս մասին Հայաստանի կառավարությունում ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Նովոռոսիա» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Ստանիսլավ Սմագինի այն հարցին, թե ինչ կարելի է անել Հայաստանում եւ Ռուսաստանում Գարեգին Նժդեհի անձի տարբեր մեկնաբանությունների հետ, եւ իմաստ ունի՞ արդյոք պատմաբանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների երկխոսության համար ստեղծել հանձնաժողով, որպեսզի այդ հարցը քննարկվի եւ ընդհանուր եզրակացությունների գանք։

 «Այդ հարցը առկա է Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների օրակարգում։ Առաջին անգամ ես այդ հարցի հետ բախվել եմ Աշխաբադում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում։ Սակայն ինձ համար անակնկալ է այն, որ այդ հարցը առկա է նաեւ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում։ Երբեք ռուսաստանցի գործընկերների հետ առնչվելիս Գարեգին Նժդեհի անունը չի շոշափվել»,- ընդգծել է Փաշինյանը։ Խոսելով հանձնաժողովի ստեղծման մասին՝ նա նշել է, որ տարօրինակ կլիներ, եթե մենք ռուսաստանի հետ հանձնաժողով ստեղծեինք, որպեսզի ուսումնասիրենք սեփական պատմությունը, այդ թվում նաեւ այն, թե որտեղից է մեր պատմության մեջ հայտնվել Գարեգին Նժդեհի անունը։ «Նրա անունը հայտնվել է Սարդարապատի ճակատամարտից, որի արդյունքում 1918թ․ ստեղծվել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Ի դեպ, նույն ճակատամարտին մասնակցել է նաեւ Հովհաննես Բաղրամյանը։

Նրանք կողք կողքի մարտնչել են թուրքերի դեմ՝ իրենց հայրենիքի համար։ Ինչպես հայտնի է, Բաղրամյանը հետագայում դարձել է Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ երկակի հերոս։ Մեզ համար Գարեգին Նժդեհը եւ Հովհաննես Բաղրամյանը նույն ակունքներն ունեն, որպես պատմական անձինք։ Նրանք մարտնչել են Հայաստանի համար, հայերի համար եւ փորձել են իրենցից կախված ամեն բան անել, որպեսզի պաշտպանեն իրենց ժողովրդին թուրքերից, որոնք կազմակերպել էին Հայոց ցեղասպանությունը։

Շատ է խոսվում այն մասին, որ օրինակ, Նժդեհը ինչ-որ կապեր է ունեցել Երրորդ ռեյխի ներկայացուցիչների հետ։ Մոլոտովը (ԽՍՀՄ արտգործնախարար 1939-1949թթ․ - խմբ.) նույնպես շփվել է Երրորդ ռեյխի ներկայացուցիչների հետ։ Այդ դեպքում եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք եւ ուսումնասիրենք ամեն ինչ։ Որեւէ մեկը Ռուսաստանում դատապարտե՞լ է դա։ Իսկ ինչու՞ ոչ։ Եթե սկսենք, ապա եկեք սկսենք Մոլոտովից։ Ի՞նչ էր նա ասում, ինչո՞ւ , ինչի՞ մասին էր պայմանավորվում, ինչո՞ւ էր պայմանավորվում։

Իսկ Ստալինը տեղեկացվա՞ծ էր՝ ինչի մասին է պայմանավորվածությունը։ Մեզ համար չկա այդ հարցը, թե ով է Նժդեհը։ Նա այն մարդն է, որը ապագա մարշալ Բաղրամյանի հետ պայքարում էր հայրենիքի համար։ Խոսե՞լ է նա նացիստների հետ։ Հնարավոր է՝ խոսել է։ Մոլոտովնել է խոսել, Ստալինը նույնպես խոսել է»,- հավելել է վարչապետը։