Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է իրենց հորը՝ Միխայիլ Խաչատրյանին անցյալ տարի սպանած Խաչատրյան երեք քույրերի գործով նախնական քննությունը։ Այսօր սպանության մեջ մեղադրվող աղջիկները , որոնցից մեկն անչափահաս է, կանչվել են ՌԴ Քննչական կոմիտե՝ քննիչի մոտ, հայտնում է «Կոմերսանտը»։

ՔԿ ներկայացուցչի հետ առաջինը զրուցել են քույրերից ավագը՝ 20-ամյա Քրիստինա Խաչատրյանը եւ նրա փաստաբան Ալեքսեյ Լիպցերը։ «Ամեն ինչ անցավ շատ առօրեական եւ հանգիստ, մենք պարզապես ստորագրեցինք անհրաժեշտ փաստաթղթերը»,- հայտնել է Լիպցերը՝ նշելով, որ իր պաշտպանյալն էլ էր «հանգիստ, ինչպես միշտ»։

Բացի այդ, պաշտպանն ընդգծել է, որ իրենք ներկայացրել են երեք միջնորդություններ՝ քրեական գործի դադարեցման մասին՝ այն հիմնավորմամբ, որ Մ․ Խաչատրյանի մահը, իր կարծիքով, տեղի է ունեցել անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում եւ տղամարդու կողմից բազմամյա խոշտանգումների, ծեծի ու նույնիսկ սեռական բռնության հետեւանքով։ Փաստաբանի խոսքերով, ինքը նաեւ խնդրել է այդ միջնորդությունը մերժելու դեպքում  գործընթացը անցկացնել ատենակալների մասնակցությամբ։ Երրորդ միջնորդությունն արդեն զուտ տեխնիկական բնույթ է կրել՝ քրեական գործի ըստ էության դատավարությունից առաջ նախնական դատական լսումների պարտադիր անցկացման մասին։

ՔԿ քննիչները պետք է այսօր նույն գործընթացն անցկացնեն մյուս երկու քույրերի՝ Անգելինայի եւ Մարիայի, ինչպես նաեւ նրանց փաստաբանների հետ։ Վերջինն, ի դեպ, փորձագետների կողմից անմեղսունակ է ճանաչվել հորը սպանելու պահին։

Հարկ է նշել, որ ՌՔԿ քննիչներն ընդամենը երեք օր ունեն, որպեսզի պատասխանեն ներկայացված միջնորդություններին։ «Մենք կտրականապես համաձայն չենք ներկայացված մեղադրանքների հետ»,- հայտարարել է Լիպցերը՝ հատուկ ընդգծելով, թե հուսով է, որ Գլխավոր դատախազությունը, ուր պետք է հետագայում ուղարկվեն նյութերը մեղադրական եզրակացությունը հաստատելու համար, դրանց հետ չի համաձայնի։ «Իսկ եթե գործը փոխանցեն դատարան, ապա մենք դեռեւս նախնական լսումների ժամանակ կհայտարարենք միջնորդություն՝ դրա դադարեցման կամ խախտումները վերացնելու համար դատախազին եւ, համապատասխանաբար, ՔԿ-ին վերադարձնելու մասին»,- պարզաբանել է պաշտպանը։