Կալանավորվել է Նովոսիբիրսկում հայ գործարար Անդրանիկ Մուրադյանի սպանության մեջ կասկածվողը։ Ինչպես հայտնում է NGS.ru-ն, 32-ամյա Նիկոլայ Կվոչկինին գտել են Կեմերովոյում։

Անդրանիկ Մուրադյանի սպանության մեջ կասկածվողը դեռեւս հուլիսի 1-ից Կենտրոնական շրջանային դատարանի կողմից երկու ամսով հեռակա ձերբակալված էր։ Քննիչները կարծում էին, որ Կվոչկինը կարող է թաքնվել Ղազախստանում հարազատների մոտ, այդ պատճառով նրա հանդեպ միջազգային հետախուզում էին հայտարարել։ «Նոյեմբերի 17-ին անցկացված գործողության ընթացքում տվյալ քաղաքացին կալանավորվել է վարձակալված բնակարանում՝ Կեմերովո քաղաքում, որտեղ նա թաքնվում էր ոստիկանության աշխատակիցներից։ Նախաքննությամբ պարզվել է, որ տուժողի եւ կասկածյալի միջեւ ֆինանսական տարաձայնությունների պատճառով վեճ է ծագել»,- պատմել են Նովոսիբիրսկի մարզի ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությունում։

2019թ․ հունիսի 25-ին հանցագործը, գտնվելով Նովոսիբիրսկ քաղաքի կենտրոնական շրջանի Գոգոլի փողոցի թիվ 1 տան մոտ, ատրճանակից հինգ անգամ կրակել էր 41-ամյա տղամարդու վրա։ Ստացված մարմնական վնասվածքներից տուժողը մահացել էր բժշկական հաստատությունում, իսկ մարդասպանը դեպքի վայրից թաքնվել էր։