Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02:20-ի սահմաններում Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Արեւյանը իր վարած Mercedes մակնիշի 29 ՏՏ 238 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա 2 հասցեում՝ թունելի սկզբնամասում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla մակնիշի 273 II 02 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետեւանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Աղբյուրը հայտնում է, որ Toyota Corolla-ն հաշվառված է ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված էր, քանի որ ճանապարհային ոստիկանները մեկ այլ վթար են ձեւակերպելիս եղել, երբ Mercedes-ը բախվել է նրանց ավտոմեքենային:

Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) ամենաբարձր աստիճանի, ինչի համար նա վարչական պատասխանատվության է ենթարկվելու 200 հազար դրամի չափով:

Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում: