Վերջերս անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները ցածր վստահություն ունեն դատարանների եւ ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 20-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց  կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ այս դեպքում իշխանությունները պետք է պատրաստ լինեն գնալու խնդրի լուծման ոչ ստանդարտ ճանապարհով, որպեսզի արդարացնեն ժողովրդի վստահությունը։

Անդրադառնալով այսպես կոչված վեթինգի հարցին՝ «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ Սուրեն Գրիգորյանը, նշեց, որ ինքն անձամբ ծանոթ է որոշ բարեխիղճ դատավորների հետ, որոնց ազնիվ ու հայրենասեր աշխատանքը հաճախ մթագնվում է անբարեխիղճ գործընկերների աշխատանքով։ «Ճիշտ չէ վեթինգի գործընթացը գնահատել միայն պաշտոնից հեռացված դատավորների թվով։ Եթե չկան ազատված դատավորներ, ապա դա դեռ չի նշանակում, թե երկրում վեթինգի գործընթաց չկա»,- հավաստիացրել է Գրիգորյանը։