Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության եւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին եւ եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Փոխնախարար Գալյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ԵԽ երեւանյան գրասենյակին՝ տեւական տարիներ Քրեական դատավարության օրենսգրքի մշակման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Անդրադառնալով Օրենսգրքի նախագծին՝ Սրբուհի Գալյանը նշել է, որ ներկայում այն գտնվում է շրջանառված նախագծի վերաբերյալ ստացված կարծիքների ամփոփման փուլում, ինչին զուգահեռ կարեւորել է նաեւ նման աշխատանքային քննարկումների կազմակերպումը:

Փոխնախարարն ընդգծել է նաեւ, որ Օրենսգրքի նախագիծը գտնվում է որոշիչ փուլում, քանի որ տասնամյակ տեւած աշխատանքի արդյունքը մոտ է Ազգային Ժողով ներկայացվելու եւ օրենքի ուժ ստանալու հանգրվանին:

Այնուհետեւ, Օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հրայր Ղուկասյանի կողմից մասնակիցներին ներկայացվել են նախագծի քննարկման օրակարգային հարցերը, անդրադարձ է կատարվել վարույթի հանրային մասնակիցների գործառույթներին, լիազորություններին եւ փոխհարաբերություններին, քրեական վարույթ նախաձեռնելուն եւ հանրային քրեական հետապնդմանը, քննչական, գաղտնի քննչական գործողություններին, որին էլ հաջորդել է հարցուպատասխանը: