«Global IT Award» միջազգային մրցանակաբաշխության հաղթող ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն դեկտեմբերի 3-ին կժամանի Հայաստան: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքների համակարգող, «Synopsys Armenia» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Նա հավելեց, որ դեկտեմբերի 4-ին գիտնականը կմասնակցի ֆորումին, որի մասին կհայտարարվի ավելի ուշ, հանդիպում կանցկացնի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության Հակոբ Արշակյանի հետ: «Բացի այդ, Կանադեին Պոլիտեխնիկական համալսարանում պատվավոր դոկտորի կոչում կշնորհվի, նախատեսվում է հանդիպում «Synopsys Armenia» ընկերությունում ուսանողների եւ IT մասնագետների հետ: Պաշտոնական ընթրիքի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտնականին կհանձնի մրցանակը: Դեկտեմբերի 6-ին Տակեո Կանադեն կհանդիպի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ»,- հայտնեց նա:

Մուսայելյանը նկատեց, որ մրցանակաբաշխության առաջին տարիներին կարեւոր էր հեղինակավոր մարդկանց ներգրավումը, ինչպես նաեւ վստահ լինելը, որ նրանք, ում մրցանակ է շնորհվում, կկարողանան Հայաստան գալ՝ հաշվի առնելով այդ մարդկանց խիտ գրաֆիկը:

«Այս տարի Կանադեին մրցանակի շնորհման նախաձեռնության հեղինակը Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանն է»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ նախկին դափնեկիրների կապը Հայաստանի հետ շատ սերտ է: «Մասնավորապես, «Hitachi»-ի նախկին տնօրեն Ցուգիո Մակիմոտոն գիրք է գրել, Կասպերսկին Հայաստանի բուհերում լաբորատորիաներ է հիմնել: Համագործակցության օրինակները շատ են»,- նկատեց Հովիկ Մուսայելյանը՝ հիշեցնելով, որ արդեն երկրորդ տարին է՝ մրցանակը պետական կարգավիճակ ունի:

Նշենք, որ այսօր հայտնի է դարձել «Global IT Award» միջազգային մրցանակաբաշխության հաղթողի անունը: Նա ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն է: