«Global IT Award» միջազգային մրցանակի դափնեկիրներ են դարձել մարդիկ, ովքեր մեր կյանքը փոխել են, ովքեր գաղափարներ ունեին, դրանք զարգացրել են եւ մեզ բոլորիս հնարավորություն են ընձեռել կյանքը հեշտացնելու ու ստեղծագործելու համար ավելի շատ ազատ ժամանակ ունենալու: Սակայն նրանք ժամանակին ոչ մի բանով ավելի լավ չեն եղել այսօրվա հայ երիտասարդ մասնագետներից ու ուսանողներից: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ մրցանակի հանձնումն անչափ կարեւոր է Հայաստանի բրենդինգի համար որպես տեխնոլոգիական կենտրոն, իսկ դափնեկիրները երկրի յուրահատուկ դեսպաններ են, որոնք իրենց գործընկերների միջոցով տեղեկություններ են տարածում պետության ներուժի մասին: «Կարող է թվալ, թե աշխարհում արդեն ամենն, ինչ հնարավոր է ստեղծվել է, սակայն դեռեւս ահռելի ներուժ կա ինովացիաների կիրառման համար»,- հավելեց նա:

Արշակյանը կարեւորեց նախկին դափնեկիրների հետ մշտական փոխգործակցությունը, որոնցից ոմանց հետ համատեղ նախագծեր են իրականացվում: «Այս իմաստով արժե նշել «National Instruments» կորպորացիայի հետ համագործակցությունը, որի հիմնադիրներից մեկը՝ Ջեյմս Թրուշարդը, մրցանակը ստացել է անցյալ տարի: Հիշեցնեմ, որ «խելացի քաղաքի» 20 մլն դոլար բյուջեով նախագիծն իրականացվում է նշված կորպորացիայի հետ համատեղ: Այս գումարից 10 մլն դոլար ներդնում է Կառավարությունը, մնացյալ միջոցները՝ «National Instruments»-ը»,- եզրափակեց նա:

Նշենք, որ նոյեմբերի 20-ին հայտնի է դարձել «Global IT Award» մրցանակաբաշխության հաղթողի անունը: Նա ճապոնացի գիտնական Տակեո Կանադեն է: