Ոչ հեռավոր անցյալում մեր գործընկեր Սիսակ Գաբրիելյանը հանդես եկավ կալանքի տակ գտնվող Արսեն Բաբայանի խափանման միջոցի վերանայման մասին միջնորդությամբ, սակայն դա չի նշանակում, որ Գաբրիելյանը դրական է վերաբերվում վերջինիս արարքներին: Այս մասին նոյեմբերի 20-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն փաստը, որ «թավշյա հեղափոխությունից» հետո իր գործընկեր Սասուն Միքայելյանը հանդես եկավ Ալիկ Բանդուրյանի, առավել հայտնի որպես «Նորատուսցի Ալիկ», խափանման միջոցի փոփոխության մասին միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում են Քրեական եւ Քրեադատավարական օրենսգրքերում փոփոխությունները, որոնք ենթադրում են քրեական ենթամշակույթների արգելք:

«Ցանկացած անձ, որը հանցանք է գործել, լինի դա քրեական հեղինակություն կամ այլ անձ, քաղաքացի է, որի ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Եթե պարոն Միքայելյանը գտել է, որ անգամ քրեական հեղինակության համար ազատազրկման հիմքեր չկան, եւ որ դա չի համապատասխանում հետաքննության նպատակներին, որպեսզի այդ անձը գտնվի ճաղերի հետեւում, եւ երաշխավորագիր է ներկայացրել, դա որեւէ կերպ չպետք է դիտարկվի, թե նա խրախուսում է հանցագործությունը»,- ասաց Գրիգորյանը՝ փորձելով արդարացնել իր գործընկերոջը: