«Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ, «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը նոյեմբերի 20-ին Երեւանում հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի հետ: Ռ. Հյուսնունցը կարեւորել է երկու կուսակցությունների միջեւ առկա շփումների մակարդակը՝ ընդգծելով, որ 2015թ.-ին սկսված համագործակցությունը տարեցտարի նոր որակ է ստանում: «Մենք մշտապես ուշադիր հետեւում ենք քաղաքական դաշտում ձեր ունեցած հաջողություններին եւ ուրախ ենք, որ, չնայած օբյեկտիվ խնդիրներին, Արցախի համար կարեւոր պատուհան եք բացում դեպի Եվրոպա: Մեր ժողովուրդն ունի քաղաքակիրթ աշխարհի հետ հավասար դասվելու բոլոր իրավունքները, եւ այս իմաստով յուրաքանչյուր սահմանափակում անընդունելի է մեր կուսակցության համար»,- նշել է Հյուսնունցը:

Եվրախորհրդարանի պատգամավորը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նա իր խոսքում ընդգծել է, որ համաձայն է այն մտքի հետ, որ Արցախի քաղաքական կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս:

«Ադրբեջանի հակաժողովրդավարական այդ մոտեցումները չպետք է կիսեն եվրոպական միջավայրում, եւ մենք պատրաստ ենք ջանքեր գործադրելու, որպեսզի Արցախի նկատմամբ առկա խտրական վերաբերմունքը վերացվի: Ես եւ իմ կուսակցական գործընկերները բարձր ենք գնահատում Արցախի ժողովրդի արդարացի պահանջները եւ այս հարցում Ձեր քաղաքական ուժի դերը շատ մեծ է: Մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ համագործակցությունը խորացնելու հարցում»,- նշել է Բերգը եւ ներողություն խնդրել այս անգամ Արցախ չայցելելու համար:

Նշենք, որ Ռ. Հյուսնունցը եւ Լ.Պ. Բերգը միասին այցելել են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: