Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները գործուղվել են Ենոքավան եւ այս պահին էլ գտնվում են այնտեղ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով փաստին, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի մոտ գտնվող անտառում կովկասյան ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա:

«Նրանք հանդիպել են նաեւ տուժած անձի հետ: Իրականում շատ զարմանալի էր, որովհետեւ տասնյակ տարիներ այդ տարածքներում չի եղել կովկասյան ընձառյուծ:

Ըստ նկարագրածի, դա այո, եղ ել է կովկասյան ընձառյուծ: Այս պահին մասնագետներն այնտեղ տեղադրում են ֆոտոթակարդներ:

Սովորաբար Կովկասյան ընձառյուծը չի հարձակվում մարդու վրա: Դա կամ որջի մոտ կարող է լինել, կամ սնվելու ժամանակ կարող է լինել:  Կուսումնասիրենք լրացուցիչ կտեղեկացնենք:

Զուտ կենսաբազմազանական առումով, մեզ համար նույնպես անակնկալ էր, որ այդ տարածաշրջանում կա Կովկասյան ընձառյուծ»,-ասաց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Ենոքավանի համայնքի մոտ գտնվող անտառում կովկասյան ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, նա տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։ NEWS.am-ի հետ զրույցում «Իջևան» ԲԿ տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը ասաց, որ վիճակը բավարար է․ «Հրաշքով փրկվել է, ռիսկով որսորդ է, կարողացել է իրավիճակից դուրս գալ։ Եթե պատահական մարդ լիներ, գուցե հնարավոր չլիներ այս իրավիճակում փրկվել»։

Նա ասաց, որ որսորդի տրամադրությունը բարձր է, նույնսիկ անեկդոտներ է պատմում։