ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությունը կեղծ է համարում։ NEWS.am-ի հետ զրույցում նա դժվարացավ պատասխանել, թե ինքը ինչ սպառնալիքներ կարող էր ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին։

«Դժվար է ասել, թե անհատը ինչ վտանգ կարող է ներկայացնել։ Գուցե՞ վտանգն այն է, որ ես միշտ պատրաստ եմ շարունակել դեռևս 1990-ականներից իմ նախնիների կողմից նախաձեռնված հայկական հողերի ազատագրման և վերաինտեգրման գործընթացը։ Թող որևէ մեկը չմտածի, որ այս պատմությունից հետո հայրենիքիս հանդեպ ջերմ և դրական զգացմունքներիցս անգամ մի կաթիլ կպակասի»,-նշեց Անդրանիկ Հովհաննիսյանը։

Նա հայտնեց, որ 8 տարի է՝ բնակվում է Հայաստանում, բազմիցս հատել  է ՀՀ սահմանը և երբևէ որևէ խնդիր չի առաջացել։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ից հայտնել էին, որ «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ գոյություն են ունեցել նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ: