Իմ որդին սովորում էր արտերկրում։ 2018 թվի նախաշեմին ես վարչապետ չէի, ընդիմադիր քաղաքական գործիչ էի, նա եկավ Հայաստան եւ այլեւս չվերադարձավ, որովհետեւ մարտին լրանալու էր նրա 18 տարին եւ նա պետք է ծառայեր բանակում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, Միլանի հայ համայնքի հետ հանդիպանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համայնքի ներկայացուցիչներից մեկի դիտարկմանը, որ իր տղայի 18 տարին լրանում է եւ փաստաթղթերի համար ասել են, որ պետք է մեկնի Հայաստան։

Նիկոլ Փաշինյանը արձագանքելով դիտարկմանը, որ տղան նույնիսկ լավ չի տիրապետում հարերենին, մի դրվագ է հիշել իր պատգամավորական տարիներից։

«Պատգամավորներով մեկնել էինք զորամասերից մեկը ներկա լինելու զինվորների երդման արարողությանը։ Ինձ ահավոր հուզեց մի քանի դրվագ, երբ զինվորները երդման գրքույկները վերցրած, թոթովախոս հայերենով, ռուսերեն առոգանությամբ, Հայաստանի Զինված Ուժերում ծառայության անցնելու կապակցությամբ զինվորական երդում էին տալիս»,– ասել է վարչապետը։

Փաշինյանն ասել է, թե ուրախ է, որ իր որդին ծառայում է հայկական Զինված Ուժերում եւ կոչ է արել արտասահմանում ապրող ՀՀ քաղաքացի զինապարտներին՝ գալ եւ ծառայել հայրենիքում։

«Մեր բոլոր որդիներին, որոնք զինապարտ են, կոչ եմ անում գալ հայրենիք եւ զինվորական ծառայությունն անցնել հայոց բանակում, մանավանդ, որ բանակում այսօր շատ ծավալուն, բովանդակային փոփոխություններ են տեղի ունենում եւ հայրենիքի առաջ պարտքը կատարելը, կարծում եմ, կարեւոր է բոլորի համար, առաջին հերթին ինքազգացողության, ինքնագնահատականի եւ ապագայի համար»,– ասել է վարչապետը։

Զրուցակցի դիտարկմանը, թռ տղան պետք է դեռ 3 տարի սովորի, վարչապետը պատասխանել է. «Իմ տղան էլ պետք է սովորեր 3 տարի, բայց եկել ու ծառայում է»։