Հայաստանի անվտանգության հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է, քանի որ ռազմական էսկալացիան աղետալի հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։

Այս մասին Իտալիայի Քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հաստատել է իր դիրքորոշումն այն մասին, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Նա հավելել է, որ հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց փոխզիջման եւ երկխոսության։

Սակայն Փաշինյանը նաեւ նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի պատասխանել իր հայտարարությանը եւ մնում է իր դիրքորոշմանը։ «Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն։ Առաջին հերթին՝ անօգուտ է Հայաստանի եւ Արցախի հետ սպառնալիքների լեզվով խոսելը։ Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,- ասել է նա։ Վարչապետն ընդգծել է, որ ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը տարածք կտրամադրի ահաբեկիչներին, որոնք կորցրել են դիրքերը այլ երկրներում եւ նոր տարածքներ են փնտրում իրենց գործողություններն իրականացնելու համար։

Այսպիսով, գտնվելով Ադրբեջանում, նրանք կարող են ներթափանցել բոլոր չորս ուղղություններով։ «Ղարաբաղը բարդ եւ ցավոտ խնդիր է ամբողջ տարածաշրջանի համար։ Եթե մենք պատասխանատվություն ենք վերցրել մեր մարդկանց ապագայի համար, մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի հասնենք իրական փոփոխությունների»,- հավելել է նա։

Հայսատանի վարչապետն ասել է, որ նայել է ինստիտուտի կայքը եւ տեսել է մի քննարկման վերնագիրը՝ «Թանաքն արյունից ավելի լավ է»։ «Այս հակամարտության մեջ բավական արյուն է եղել։ Մեզ անհրաժեշտ է թանաք, որպեսզի վերջ դնենք հակամարտությանը եւ խաղաղություն բերենք մեր տարածաշրջանի մարդկանց»,- ամփոփել է նա։