Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 24-րդ համագումարի պատվիրակները Զագրեբում ձայների ճնշող մեծամասնությամբ քաղաքական միավորման նոր նախագահ են ընտրել միակ թեկնածու Դոնալդ Տուսկին, որի մանդատի ժամկետը Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում շուտով ավարտվում է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

ԵԺԿ ընտրված առաջնորդը նոր պաշտոնում մտադիր է ակտիվ պայքարել պոպուլիզմի դեմ։ Տուսկի խոսքով՝ «արդեն բավական է լինել առաջին եվրոպացի բյուրոկրատը»։

«Ես պայքարի մեջ եմ մտնում պոպուլիզմի դեմ,- ասել է նա։- Մի կողմում (գտնվում են) անպատասխանատու պոպուլիզմի կուսակցությունները, մյուս կողմում՝ մեր կուսակցությունն է պատասխանատվություն կրում պոպուլյարության համար»։

ԵՄ-ը անհանգստանում է ընդլայնման քաղաքականության պատճառով

ԵԺԿ կոնգրեսի առաջին օրվա ընթացքում պատվիրակների մեծամասնությունը հատուկ ուշադրություն հատկացրեց Եվրամիության ընդլայնման հեռանկարների թեմայի քննարկմանը, մասնավորապես՝ հաշվի առնելով ԵՄ Խորհրդի հրաժարումը Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի հետ բանակցություններ սկսելուց՝ Ֆրանսիայի մոտեցման պատճառով, որն ասում է, թե անհրաժեշտ է մտցնել եվրաինտեգրման լրացուցիչ կանոններ։ «Արդեն (ԵՄ ընդլայնման գործընթացի մեթոդաբանության) գոյություն ունեցող կառուցվածքը  մի շարք մեխանիզմներ ունի հատուկ ֆիլտրերով, որոնց միջոցով վերահսկվում է անգամ ամենաաննշան քայլը  (ներկայացվող փուլի) ցանկացած գլխում»,- ընդգծել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, որը չորեքշաբթի Զագրեբում ելույթ ունեցավ ԵԺԿ կոնգրեսի բացման ժամանակ։

Խորվաթիայի վարչապետի խոսքով՝ «պետք է հստակ տարբերություն լինի բանակցությունների սկսվելու եւ բանակցությունների գործընթացի միջեւ, որն արդեն սկսվել է»։

Երկկողմանի շփումներ

Որպես ընդունող կողմ Խորվաթիայի կառավարության ղեկավարը Զագրեբում անցկացվող կուսակցական համագումարի շրջանակում երկկողմանի մի շարք հանդիպումներ ունեցավ։ Մասնավորապես, Պլենկովիչը կարճ հանդիպում ունեցավ Բունդեսթագի խոսնակ Վոլֆգանգ Շոյբլեի, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգի, Եվրահանձնաժողովի նորընտիր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի հետ։ Պլենկովիչի օրակարգում հիմնական ուշադրությունը կանխատեսելիորեն հատկացված էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։

Ինչպես ասաց Մերկելը Պլենկովիչի հետ բանակցություններից հետո, 2020 թվականի երկրորդ կեսին ԵՄ Խորհրդում Գերմանիայի նախագահության ընթացքում նա ուշադրություն կդարձնի Խորվաթիայի առաջընթացին Շենգենի հետ մերձենալու հարցում։ «Հարգանքի տուրք եմ մատուցում Խորվաթիային այն ամենի համար, ինչ արել է Շենգեն մտնելու չափորոշիչները կատարելու առումով»,- ասել է քաղաքական գործիչը։

Պլենկովիչը նշել է, որ Խորվաթիան պատրաստ է մտնել Շենգեն գոտի: Նա, միաժամանակ, վստահություն է հայտնել, որ այս հարցը չի քննարկվի 2021 թվականի երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Սլովենիայի նախագահության ժամանակահատվածում, քանի որ Լյուբլյանան դեմ է Խորվաթիայի ներառմանը Շենգենյան տարածք: «Բայց բացառված չէ, որ այս հարցը կքննարկվի օպերատիվ մակարդակով»,- ասել է վարչապետը:

Կուսակցական համագումար

ԵԺԿ կուսակցական համագումարը ընթանալու է մինչեւ նոյեմբերի 21-ը ներառյալ: Կոնգրեսի կենտրոնական միջոցառումներն ընթանում են Զագրեբի «Արենա» համալիրում: Պատվիրակները քննարկում են Արեւմտյան Բալկանների պետությունների հաշվին Եվրամիության ընդլայնման հեռանկարները: Անդրադառնում են նաեւ կլիմայական խնդիրներին եւ ԵՄ-ում երիտասարդական քաղաքականության հարցերին:

Զագրեբում խոշոր կուսակցական համագումարի անցկացման անվտանգության ապահովման համար ուժեղացվել է իրավապահ մարմինների աշխատողների ծառայությունը: Երկրի ՆԳՆ տեղեկացմամբ՝ ներգրավվել է 500-ից ավելի ոստիկան, այդ թվում՝ բարձրաստիճան հյուրերի ժամանման հետ կապված ճանապարհային երթեւեկության հատուկ կարգավորման համար: