ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սեւան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել Երեւան քաղաքի բնակչի:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. նոյեմբերի 2-ին հրազենային վիրավորմամբ Գավառի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979թ., ով հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989թ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը, Նորատուս գյուղի բնակիչ Գուրգեն Հակոբյանին հրազենով սպանելուն օժանդակելու նպատակով,  2019թ. հոկտեմբերի վերջին Երեւան քաղաքի բնակչից վերցրել է «Մերսեդես Բենց E320» մակնիշի ավտոմեքենան՝ այլ անձի վարձույթով տրամադրելու պատրվակով: Այնուհետեւ 2019թ. նոյեմբերի 2-ին նշված մեքենան՝ որպես հանցագործության միջոց, տրամադրել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձին: Վերջինս, Գ. Հակոբյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 39,2 կմ հատվածում ապօրինի պահած եւ կրած ինքնաձիգից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ է արձակել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի եւ ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետեւանքով մեքենայի վարորդ Գուրգեն Հակոբյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ, իսկ այդ պահին ավտոմեքենայում գտնվող եւս մեկ անձի՝ ծնված 1962թ., պատճառվել է թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձի ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: