Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Լոմբարդիայի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ:

Հանդիպմանը ներկա է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը,  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Ֆաբրիցիո Սալան, ողջունելով ՀՀ վարչապետին, նշեց, որ Լոմբարդիա նահանգը շատ ակտիվ է արտաքին հարցերում եւ պարբերաբար ընդլայնում է գործընկերների ցանկը:

«Շնորհակալ եմ այս հանդիպման համար, հուսով եմ, որ այն իր ազդեցությունը կունենա մեր հարաբերությունների ամրապնդման գործում: Մեր միջազգային հարաբերությունները շատ հագեցած են, ես երեկ եմ վերադարձել ԱՄԷ-ից: Այսօր Լոմբարդիան այն նահանգներից է, որի մայրաքաղաք Միլանն աշխարհում երկրորդն է հյուպատոսությունների թվով»,-ասել է փոխնահանգապետը՝ հավելելով, որ նահանգապետն այս պահին Չինաստանում է, կվերադառնա կիրակի:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Իտալիայի հետ Հայաստանի հարաբերությունները նոր փուլ են տեղափոխվում եւ դա առաջին հեթին տնտեսական առումով. «Լոմբարդիա նահանգի հետ կարծում եմ գործակցության մեծ պոտենցիալ կա, հատկապես բիզնեսի առումով: Նախորդ տարի, երբ «Ռայնէյր» ավիաընկերությունը հետաքրքրություն էր ցուցաբերում դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու համար, որոշվեց այդ գործընթացը սկսել Հռոմից եւ Միլանից: Անկեղծ ասած՝ ինձ համար անակնկալ էր, եւ ես ուզում էի հասկանալ այդ որոշման պատճառը:

Հասկացա, որ առկա է տնտեսական դինամիկա, որը ավիաընկերությանը մղեց դեպի այս ուղղությունը: 2019 թվականի ընթացքում Հայաստանում իտալական մասնակցությամբ երեք բավական լուրջ տնտեսական նախագիծ ենք սկսել: Գալիս եմ այն եզրակացության, որ երբ ապահովում ենք քաղաքական պայմաններ, բիզնեսը շատ արագ արձագանքում է»,-հավելեց վարչապետը: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիա մեկնարկել է նոյեմբերի 20-ին՝ Վենետիկից: Այնուհետեւ Փաշինյանը մեկնել է Միլան, հանդիպել տեղի հայ համայնքի հետ: Նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական հանդիպումների շարքը նաեւ Հռոմում: