Չինաստանի մայրաքաղաքում ոստիկանական ծառայության են անցել 6 չորս ամսական կլոնավորված շներ, հաղորդում է RG-ը:

Շներին հագցրել են բեյջեր, գունավոր վզակապեր եւ համազգեստ՝ այդպիսով նրանց պաշտոնապես ընդունելով ծառայության:

Ոստիկանության սպա Մա Ցզինլեյի խոսքով՝ շների կլոնավորումը թույլ է տալիս գենետիկ ծնողներից բացառիկ ունակություններ վերցնել: Շները, որոնք ընդունվել են ծառայության Պեկինի ոստիկանությունում, լույս աշխարհ են եկել օգոստոսին ծառայողական շների կայարանում: Ման նշել է, որ կլոններն արդեն ցուցաբերում են հիանալի հիշողություն, նրանք նաեւ խիզախ են եւ ագրեսիվ: Այդ ցուցանիշներով նրանք չեն զիջում բնական ճանապարհով ծնված շներին:

2018 թվականի դեկտեմբերին Չինաստանի պատմության մեջ առաջին անգամ լույս աշխարհ է եկել կլոնավորված Կունսյուն շնիկը։ Կլոնավորման գենետիկ նյութը վերցվել էր յոթնամյա ոստիկանական շնից՝ Հուահուանմայից (կունմինյան հովվաշուն), որի միջոցով ավելի քան 30 ծանր հանցագործություն է բացահայտվել: Այժմ Կունսյուն շնիկը ծառայում է Կունյմին քաղաքի ոստիկանությունում: Շան հաջողությունների մասին դեռ ոչինչ հայտնի չէ, քանի որ շունը դեռ փոքր է եւ պետք է մարզվի՝ լիարժեք ծառայողական շուն դառնալու համար:

Միեւնույն ժամանակ, առաջին կլոնավորված ծառայողական շները ծառայության են անցել Ռուսաստանում: Դեռեւս 2015 թվականին Հարավային Կորեայի լավագույն խուզարկու շներից՝ բելգիական մալինուա ցեղատեսակի 3 շուն է կլոնավորվել Sooam Biotech Research Foundation ինստիտուտում, որոնք փոխանցվել են Յակուտիայի ՆԳՆ-ին եւ ռուսական ռազմապատմական ծառայության մաքսային բաժնին: