Ռուսաստանի Քննչական կոմիտեի (ՌՔԿ) երեք բարձրաստիճան աշխատակիցների կաշառելու գործով վկան դատարանում հերքել է ԱԴԾ քննության վարկածը, տեղեկացնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով սեփական աղբյուրին։

Գործարար Նուրդին Թուգուզը, քննության վարկածով, որն անձամբ տեսել է 600 հազար դոլարի հանձնումը երեք ամբաստանյալներից մեկին՝ կոմիտեի միջգերատեսչական փոխգործակցության եւ սեփական անվտանգության գլխավոր վարչության (ՄԳՓՍԱԳՎ) պետին՝ Միխայիլ Մաքսիմենկոյին, պատմել է, որ փողը չի հանձնվել, գրում է պարբերականը։

Նրա խոսքով՝ նա եւ կաշառք տալու մեջ կասկածվող կրասնոդարցի գործարար Դմիտրի Սմիչկովսկին իսկապես եկել են Մաքսիմենկոյի հետ հանդիպման 2016 թվականի ապրիլի 28-ին, բայց ՄԳՓՍԱԳՎ տարածք մտնելիս նրանց մեքենան հանդիպել է Մաքսիմենկոյի մեքենային, որտեղից դուրս չգալով նա ծանոթներին ասել է, որ իրեն կանչել են ղեկավարության մոտ։ Դմիտրի Սմիչկովսկին, ինչպես կարծում է քննությունը, միջնորդ է հանդիսացել կաշառքը հանձնելիս՝ կալանքից քրեական հեղինակություն Անդրեյ Կոչույկովին (Իտալացի) ազատելու համար։

Այսպիսով, ԱԴԾ քննության վարկածը, թե Մաքսիմենկոն փող է ստացել եւ արդեն 40 րոպե հետո 600 հազարից 400-ը տվել է Մոսկվայի ՌՔԿ Գլխավոր քննչական վարչության (ԳՔՎ) պետ Ալեքսանդր Դռիմանովին «Պրեզիդենտ օտելի» մոտ Բոլշոյ Յակիմանկայում, չի հաստատվում։ ԱԴԾ-ն կարծում է, որ նույն օրվա ժամը 19.00-ին Դռիմանովը 200 հազար դոլար տվել է իր տեղակալ Դենիս Նիկանդրովին Մոսկվայի ՌՔԿ ԳՔՎ շենքում, Արբատում։

Քննիչների տվյալներով՝ այն բանից հետո, երբ կաշառքի մասին իմացել են ԱԴԾ աշխատակիցները, Կոչույկովի ազատ արձակումը կանխվել է։ Ավելի ուշ կալանավորվել է ենթադրյալ կաշառատուն՝ քրեական հեղինակություն Զախարի Քալաշովը, որը հայտնի է նաեւ որպես Շաքր Մոլոդոյ։ Կաշառքի մասին մեղադրանքներ նրան չեն ներկայացվել։

ԱԴԾ-ն կարծում է, որ Դռիմանովը, իմանալով, որ հատուկ ծառայությունները տեղյակ են կաշառքի մասին, իր մոտ է հրավիրել Սմիչկովսկուն եւ խորհուրդ տվել հեռանալ երկրից։ Բայց Թուգուզը դատարանում ասել է, որ իր ընտանիքի եւ Սմիչկովսկու հարազատների համատեղ ուղեւորությունը Հունաստան նախատեսված է եղել ավելի վաղ։ Արտասահմանում թաքնվող գործարարին հեռակա մեղադրանք է ներկայացվել։

Կաշառք չստացած, բայց նույն գործող մեղադրվող Մոսկվայի Կենտրոնական օկրուգի ՌՔԿ վարչության պետ Ալեքսեյ Կրամարենկոյի փաստաբան Ելենա Ֆեդուլովան համոզված է, որ Թուգուզը հիմքեր չունի օգնելու ամբաստանյալներին։ Մանավանդ որ 2006-2007 թվականներին վկան մեկուկես տարի անցկացրել է «Լեֆորտովո» մեկուսարանում, որտեղ ուղարկվել էր այդ պահին Ռուսաստանի Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննիչների պաշտոններ զբաղեցնող Կրամարենկոյի եւ Ֆեդուլովայի կողմից Չինաստանից ապրանքների մաքսանենգության գործով։

Սեպտեմբերի 30-ին տեղեկացվել էր, որ քննությունը օրենքով գող Զախարի Քալաշովից (Շաքրո Մոլոդոյ) կաշառք վերցնելու մեջ մեղադրվող մայրաքաղաքի ՌՔՀ ղեկավարների հաշիվներում եւ բնակարաններում չի հայտնաբերել իբր նրանց ստացած փողի հետքեր։ Պաշտպանության կողմը մեղադրանքը համարում է չհիմնավորված եւ հորինված։