Սյունիքի մարզում, նոյեմբերի 21-ին, ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել Քաջարան քաղաքի բնակիչ Անուշ Հ-ից, ով հայտնել է, որ իր եղբոր բնակարանից գողություն է կատարվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նոյեմբերի 20-ի ժամը 14։00-ից մինչեւ նոյեմբերի 21-ի ժամը 13։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Քաջարան քաղաքի 1-ին շենքի նշված բնակարանի դռան փականները հարմարեցված բանալիներով բացելու միջոցով ներս են մտել բնակարան եւ ննջասենյակից գողացել մետաղյա չհրկիզվող պահարանը։

Արդեն դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու քննիչներին բնակարանտիրոջ հարազատները հայտնել են, գողացված չհրկիզվող պահարանում եղել է 20 ԱՄՆ դոլար եւ 35 կտոր տարբեր քաշերի եւ տեսակի ոսկյա, թանկարժեք զարդեր։

Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաեւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ թալանվածը Քաջարանում հայտնի ԱՁ-ի տնօրեն է։