ՀՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում նոյեմբերի 21-ին համացանցում տարածված «Ոստիկանները՝ հակագազով ու մահակով ցուցմունք են կորզում» վերնագրով տեսանյութի հետ կապված:

«Տարածված տեսանյութի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում»,- հայտնեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որում քաղաքացիական հագուստով առերևույթ ոստիկանները մի քաղաքացու նկատմամբ բռնություն են կիրառում՝ ցուցմունք կորզելու նպատակով։

Միջադեպին արձագանքել է նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։

Վաղն առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,– գրել է օմբուդսմենը։

Ոստիկանները հակագազով եւ մահակով ցումունք են կորզում. ՄԻՊ-ը արձագանքել է սկանդալային տեսանյութին