Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու` նոյեմբերի 7-ի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը: Դատական նիստ է նշանակվել նոյեմբերի 26-ին: Նշենք, որ նույն օրը տեղի է ունենալու Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գրավի վերաբերյալ միջնորդությունը Քոչարյանի պաշտպանները ներկայացրել էին նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում` հիմքում դնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը գրավի կիրառման վերաբերալ հոկտեմբերի 15-ին որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: