Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները հինգշաբթի փոխել են փողոցների եւ հրապարակների անվանունները, որոնք կրում էին գիտնականներ Արթուրո Դոնաջոյի եւ Էդոարդո Ձավատարիի անունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ANSA-ին։

«Տեղանվանական զտում» անցկացնելու եւ մայրաքաղաքի փողոցներն ու հրապարակը վերանվանելու մտադրության մասին Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին հայտարարել էր դեռեւս անցած տարվա վերջին։ Ինչպես նշում է ANSA-ն, 1938 թվականին ակադեմիկոսներ Դոնաջոն եւ Ձավատարին եղել են գիտության այն գործիչների թվում, ովքեր աջակցել են բտնապետ Բենիտո Մուսոլինիի ռասայական օրենքներին։ Հիմա փողոցներին տրվել են բժիշկ Մարիո Կարարայի եւ կենդանաբան Էնրիկա Մորտարայի անունները, իսկ հրապարակը, որը նույնպես կոչվում էր Դոնաջոյի անունով, վերանվանվել է ֆիզիկոս Նելլա Մորտարայի անունով։ Նրանք բոլորն էլ դեմ են եղել հակասեմիթական օրենքներին։

Կարարան իտալական դատաբժշկության հիմնադիր հայրերից է։ Նա պատմության մեջ է մտել որպես համալսարանական սակավաթիվ գիտնականներից մեկը, որը հրաժարվել է ֆաշիստական ռեժիմին հավատարմության երդում տալ, ընդգծում է Il Messaggero թերթը։ Մորտարան դասավանդել է փորձնական ֆիզիկա Սապիենցայի համալսարանում, նա միակ կինն էր, որն աշխատել է Հռոմի Էնրիկո Ֆերմայի անվան ինստիուտում։ Հրեական արմատների համար նրան ազատել են համալսարանից, ինչպես նաեւ արտաքսել են բոլոր գիտական կազմակերպություններից, որոնց անդամ է հանդիսացել նա։

Էնրիկա Կալաբրեզին՝ նույնպես ծագումով հրեուհի, դասավանդել է գյուղատնտեսական էնտոմոլոգիա։ 1944 թվականի հունվարին նրան ձերբակալել են Ֆլորենցիայի իր տանը։ Կալաբրեզին գիտեր, որ իրեն պատրաստվում են ուղարկել Աուշվից-Բիրքենաուի նացիստական համակենտրոնացման ճամբար Օսվենցիմում եւ թույն է խմել, որպեսզի այդ բախտին չարժանանա։

1938-ին ֆաշիստական Իտալիայում ընդունվել են ռասայական օրենքներ, որոնք պաշտոնապես սահմանում էին հրեաների խտրականություններ։ Այդ օրենքների ստեղծմանը մասնակցել են խորհրդականներ նացիստական Գերմանիայից։

1940 թվականին Իտալիայում սկսեցին ստեղծվել ճամբարներ, որտեղ քշում էին հրեաներին, որոնց իշխանությունները վտանգավոր էին համարում ռեժիմի համար։ Գերմանաֆաշիստական զորքերի կողմից երկրի հյուսիսային եւ կենտրոնական մասի օկուպացիայից հետո, 1943-ին, հրեաների հետապնդումներն Ապենիններում հասան ամենաողբերգական փուլին։

Այսպես կոչված Իտալական սոցիալական հանրապետության մասնակցությամբ գերմանացի զավթիչները կազմակերպեցին հրեա բնակչության զանգվածային ձերբակալություններ, այդ թվում Հռոմում եւ Միլանում։ Իտալացի հրեաներին քշում էին նացիստական ճամբարներ, որտեղ էլ նրանց մեծ մասը զոհվել է։