Հայաստանի համար Իրանը կարեւոր գործընկեր է, եւ Իրանում տեղի ունեցող գործընթացները կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նա հավելեց, որ Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների զարգացմանը: «Կարեւոր է, որ Հայաստանն իր տարրն է ներդնում մեր ինտեգրացիոն գործընթացում»,- հավելեց դեսպանը՝ հիշեցնելով Երեւանում ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Իրանի նախագահի մասնակցությունը: Նրա խոսքով՝ դա կարեւոր քաղաքական եւ տնտեսական նշանակություն ունի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Երեւանում ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցում էր նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին: