Երեւանում նոյեմբերի 22-ին միջոցառում է անցկացվում, որը կազմակերպել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ): Միջոցառման թեման է «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարում. հիմնական ձեռքբերումներն ու քաղված դասերը», հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Հարավային Կովկասում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի 4-ամյա գործունեության արդյունքները, որի իրականացման համար այդ 4 տարիների ընթացքում Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին ավելի քան 27 մլն եվրո է հատկացվել: Միջոցառմանը մասնակցում են Հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվաքների, շրջակա միջավայրի ու էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ:

Հայաստանում GIZ-ն աշխատում է 1990-ականների սկզբից: 2002 թվականին ընկերությունը գրասենյակ է բացել Երեւանում: Հայաստանում ընկերության գործունեության մասին առավել մանրամասն տեղեկություն կարելի է գտնել այս հղումով: Նշենք, որ «Հարավային Կովկասում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագիրը գործում է 2015 թվականից առ այսօր: IBiS պիլոտային միջոցառումներ են անցկացվել Արագածոտնի, Շիրակի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ երկու պետական անտառտնտեսությունում: Միասին այդ տարածքները զբաղեցնում են երկրի գրեթե մեկ քառորդը: Ծրագիրը մշակում է կենսաբազմազանության եւ էկոհամակարգի կայուն կառավարման աջակցման ռազմավարություններ: Դա օգնում է առաջ բերել հուսալի տվյալներ կենսաբազմազանության ու էկոհամակարգի մասին: Աշխատանքը չի սահմանափակվում ազգային մակարդակով: IBiS-ն աշխատում է միջոլորտային եւ բոլոր վարչական մակարդակներում: